Վարչապետն ակտիվ ներգրավված է լինելու «Այո»-ի քարոզարշավին․ Մակունց
Այս պահին ոչ թե հանրային քարոզարշավ է իրականացվում, այլ հիմնականում մարզերում և համայնքներում նախապատրաստական և հանդիպումների տեսքով աշխատանքներ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Իշխանության նպատակն է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համար իրականացնել այնպիսի քարոզարշավ, որ կարողանան քաղաքացիներին համոզել՝ ճիշտ է գնալ ընտրատեղամաս և այնտեղ դիրքորոշում հայտնել: Մեր քաղաքական թիմի նպատակն է իրականացնել այնպիսի քարոզարշավ, որով կկարողանանք համոզել քաղաքացիներին, որ ճիշտ է գնալ ընտրատեղամաս և այնտեղ դիրքորոշում հայտնել»,-ասաց Մակունցն ու վստահեցրեց՝ քարոզարշավը լինելու է ակտիվ:
Նա նշեց՝ հույս ունեն, որ իրենց ակտիվ քարոզարշավը կանդրադառնա նաև քաղաքացիների մասնակցության ակտիվության վրա: Քարոզարշավի անցկացման վերաբերյալ այլ մանրամասներ նա չհաղորդեց, հորդորեց սպասել «Այո»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանի ասուլիսին:
Հարցին, թե արդյոք վարչապետը մասնակցելո՞ւ է քարոզարշավին, Մակունցն ասաց՝ ակտիվ ներգրավված լինելու է, սակայն կրկին հորդորեց սպասել Սուրեն Պապիկյանի ասուլիսին: