կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը մեկնել է Ճակատեն, սպասվում է քննարկում փաստացի շրջափակման մեջ հայտնված Սյունիքի վեց գյուղերի գյուղապետերի հետ

Վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը մեկնել է Ճակատեն, սպասվում է քննարկում փաստացի շրջափակման մեջ հայտնված Սյունիքի վեց գյուղերի գյուղապետերի հետ

Գորիս-Կապան ավտոճանապարհի ճակատենի հատվածում ադրբեջանական կողմից մաքսակետ տեղադրելուց հետո Ծավը հինգ այլ գյուղերի հետ (Շիկահող, Ճակատեն, Սրաշեն, Ներքին Հանդ, Շիշկերտ) հայտնվեց փաստացի շրջափակման մեջ:

Ինչպես InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Ծավի գյուղապետ Սեյրան Զաքարյանը, քանի որ անցակետը նոր է տեղադրվել դեռևս խնդիրների սրությունը այնքան էլ չի զգացվում, պարենի պակաս դեռ չկա, գյուղում գործում է փուռ, որը հոգում է գյուղացիների հացի կարիքները: Սակայն, երբ գյուղում եղած պարենը սպառվի, գյուղացիները ստիպված պետք է լինեն նոր պաշարներ ձեռք բերելու համար մեկնել Կապան` Մեղրիի ճանապարհով: «Էդ դեպքում ճանապարհը հարյուր կմ-ից ավել երկարում է, մի քանի ժամ պետք է գնանք ու գանք»,- պարզաբանում է գյուղապետը:

Միևնույն ժամանակ նա նշում է, որ անտառի միջով գյուղը ունի այլընտրանքային ճանապարհ, որը սակայն անցանելի է միայն ամենագնացների համար: «Հիմա ես եկել եմ Կապան, գյուղ եմ վերադառնալու այդ ճանապարհով` ամենագնացով, հետս էլ բժիշկների խումբ եմ տանելու, դե որ բնակչությանը հետազոտեն, համ էլ պատվաստումներ անեն»,- պարզաբանեց գյուղապետը:

Նա նաև հայտնեց, որ ճակատեն է ժամանել վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը, տեղում պետք է խորհրդակցություն լինի փաստացի շրջափակման մեջ հայտնված վեց գյուղերի գյուղապետերի հետ: «Պետք է քննարկենք առկա խնդիրները, փորձենք իրավիճակային լուծումներ տանք, մինչև այլընտրանքային ճանապարհը պատրաստ կլինի: Օրինակ արդեն որոշվել է, որ ճակատեն կուղարկվի շտապօգնության բրիգադ և մեքենա, որը կմնա գյուղում, մինրև նոր ճանապարհի բացումը, որպեսզի սպասարկի մեր վեց գյուղերին, որովհետև Ճակատենից այդ գյուղերը իրար կապող ճանապարհներ կան», - պարզաբանեց Զաքարյանը:

  • Կիսվել: