շաբաթ, օգոստոս 13
13 / 8 / 2022
Վահե Հակոբյանն ու Իշխան Սաղաթելյանը հեռացվեցին պաշտոններից

Վահե Հակոբյանն ու Իշխան Սաղաթելյանը հեռացվեցին պաշտոններից

Ազգային ժողովը որոշեց Իշխան Սաղաթելյանին հետ կանչել ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից  և դադարեցնել Վահե Հակոբյանի լիազորությունները որպես տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ:

ԱԺ 107 պատգամավորներից քվեարկություններին մասնակցել են 66-ը: Քվեատուփում եղել է 66 քվեաթերթիկ:

 Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ՝ 66, դեմ՝ 0:

Նախագծերը ներկայացրել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակը, ըստ զեկուցող Արուսյակ Ջուլհակյանի, 8-րդ գումարման խորհրդարանի աշխատանքի առաջին օրվանից սկսած, հաճախակի բացակայել է և չի կատարել իր՝ օրենքով սահմանված պարտականությունները: Սաղաթելյանը 198 բացակա ունի լիագումար նիստերից, 18 բացակա՝ խորհրդի նիստերից, տարածել է նաև ատելության խոսք, բռնության կոչեր:

Վահե Հակոբյանին պաշտոնից հետ կանչելու որոշման նախագիծն էլ ներկայացրել է Ծովինար Վարդանյանը: Ըստ նրա՝ տնտեսական հարցերի հանձնաժողովը զբաղում է երկրի համար կարևորագույն ոլորտներից մեկով, և Աժ ընդունած օրենքներում մեծ թիվ են կազմում տնտեսական փաթեթները:

Հակոբյանը, ՔՊ պատգամավորի խոսքով՝ բացակայել է 194 քվեարկությունից: Ընդդիմադիր պատգամավորներն այսօր էլ ներկա չէին նիստին, թեև ունեին ելույթի իրավունք:

 

  • Կիսվել: