ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Վաղը հավաքվում ենք՝ Լավրովին տեղեկացնելու, որ իրենց հետ պարտվածի դիրքերից բանակցողը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը․ Սաղաթելյան

Վաղը հավաքվում ենք՝ Լավրովին տեղեկացնելու, որ իրենց հետ պարտվածի դիրքերից բանակցողը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը․ Սաղաթելյան

Ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցով պայմանավորված՝ վաղը հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով այսօր Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Հայ ժողովուրդն արդեն ձևակերպել է սեփական օրակարգը, որն այսօր քննարկվում և պաշտպանվում է Հայաստանի փողոցներում ու հրապարակներում եւ ներկայացվում է միջազգային հանրությանը, այդ թվում՝ Հայաստան ժամանող միջազգային գործընկերներին։

Մեր ժողովրդի կենսական շահերից բխող առաջնահերթությունները որևէ կապ չունեն այն օրակարգի հետ, որով փակ դռների հետևում բանակցում են Հայաստանի իշխանություն ներկայացողները:

Ուստի վաղը` հունիսի 9-ին, ժամը 09:00-ին հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում, որպեսզի մեր ժողովրդի ձայնը հերթական անգամ լսելի դարձնենք և մեր ռազմավարական դաշնակցին տեղեկացնենք, որ իրենց հետ փակ դռների հետևում պարտվածի դիրքերից բանակցողը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը, ուստի մեր անունից որևէ գործընթաց իրականացնելու մանդատ չունի:

P.S. Սիրելի հայրենակիցներ, իսկ վաղը 19:00-ին կրկին հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի:

  • Կիսվել: