շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ուզում եմ ներողություն խնդրել իմ թույլ տված բոլոր սխալների համար. Փաշինյան

Ուզում եմ ներողություն խնդրել իմ թույլ տված բոլոր սխալների համար. Փաշինյան

2021 թվականի մարտի 1-ը մենք դիմավորում ենք բոլորովին այլ իրավիճակում։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ծանր հետևանքները, մեր հազարավոր զոհերի փաստը, մեր անհետ կորածների առկայությունը, մեր բազմաթիվ եղբայրների և քույրերի գերեվարված լինելու հանգամանքը, բռնության շարունակական քարոզը, զինված ուժերը և դատական համակարգը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերը մեր առաջ դրել են նորանոր մարտահրավերներ։ Այսպես սկսեց իր ելույթը հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

՛՛Այդ մարտահրավերներն ունեն անվտանգային, արտաքին քաղաքական, տարածաշրջանային, ներքաղաքական բնույթ, և դրանց կառավարումից է կախված մեր ժողովրդի ապագան։
Հիմա արդեն հասել ենք մի կետի, որ սպառում ենք սխալվելու մեր հնարավորությունները։

Մեր անկախության 31 տարում մենք թույլ ենք տվել բոլոր հնարավոր սխալները։ Վերջին 2 տարի 10 ամսում, նկատի ունեմ՝ հեղափոխությունից հետո նույնպես, մենք թույլ ենք տվել բոլոր հնարավոր սխալները: Խոսքը մեր կառավարության մասին է, խոսքն անձամբ իմ մասին է, և ես ուզում եմ ձեզանից բոլորից, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներից, Սփյուռքի բոլոր հայերից, Արցախի Հանրապետության բոլոր քաղաքացիներից ներողություն խնդրել իմ թույլ տված բոլոր սխալների համար՛՛,-նշեց նա։

Փաշինյանը հավելեց. ՛՛Որքան էլ տարօրինակ թվա, բայց մեր սխալների մեծագույն պատճառներից մեկը մեր սիրված լինելն է եղել՝ որպես իշխանություն: Մենք այնքան սիրված ենք եղել, որ ձգտել ենք ժողովրդի ու Հայրենիքի նկատմամբ ամեն ինչ անել ճշգրիտ ու կատարյալ: Ու կատարելության փնտրտուքը շատ դեպքերում բերել է անգործության՛՛:

ՀՀ վարչապետի խոսքով՝ երբեմն, իրադրության բերումով, անխուսափելի է եղել վատի ու վատթարագույնի միջև ընտրությունը, թեպետ, հրաժարվել են կատարել դա՝ մտածելով, որ ժողովուրդն իրենց իշխանության չի բերել, որ նման ընտրության առաջ կանգնի:

՛՛Ժողովուրդը մեզ իշխանության է բերել, որ մենք իր համար ընտրություն ձևավորենք լավի ու լավագույնի միջև: Մինչ ջանքեր ենք գործադրել այդ ուղղությամբ, պարզվել է, որ վատի ու վատագույնի ներկայությունն այնքան արմատացած է, որ ընտրությունն անբեկանելի է ու անշրջելի: Եվ լավագույն ընտրությունը պիտի լիներ վատի ընտրությունը: Եվ այնուամենայնիվ, սխալներ դժբախտաբար գործել է ոչ միայն մեր իշխանությունը:

Որպես վարչապետ, որպես երկրի ղեկավար, երրորդ հանրապետության բոլոր իշխանությունների սխալների համար ներողություն եմ խնդրում, բայց սա չեմ ուզում հնչի որպես ափսոսանք, այլ հնչի որպես նշան մեր հաստատակամության, որ մենք՝ ՀՀ հպարտ քաղաքացիներս, չենք հանձնվի, երբեք չենք հանձնվի հանուն ազատ, երջանիկ, Հայաստանի մղվող պայքարում: Կունենանք այնքան սեր ու վճռականություն, որ հետևություններ կանենք սխալներից ոչ միայն կկրկնապատկենք երջանիկ ու հզոր երկիր ունենալու մեր ջանքերը, այլև առավելը կանենք այդ ջանքերն արդյունավետ դարձնելու համար՛՛,-ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: