ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, բայց վատ լինելը հաստատ երաշխավորում է. Ռուստամյան

Ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, բայց վատ լինելը հաստատ երաշխավորում է. Ռուստամյան

Միջազգային պրակտիկան և փորձը մեզ տալիս էին լրջագույն հնարավորություն այսօր գործընթացները տանել ի շահ Հայաստանի Հանրապետության: Այս մասին այսօր Ազգային ժողոում ունեցած ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ-ի և ադրբեջանական հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» հայտարարության նախագծին, որի ընդունումը 51 դեմ, 27 կողմ ձայնով մերժվեց ԱԺ-ի կողմից:

Ըստ նրա, երբ որ այստեղ խոսվում է ՝ «մենք սահմանազատում, սահմանագծում չենք անում, պարզապես վերարտադրում ենք կամ վերականգնում ենք եղած սահմանները», պարզ հարց է առաջացնում՝ եթե այդ սահմանները կան, ինչո՞ւ եք վերարտադրում, վերականգնում հենց այդ հատվածում։

«Բա ամբողջական վերականգնեք, որ հարցն էլ  ամբողջական լուծվի։ Դուք էլ գիտեք, որ այդպես չէ։ Հատվածական սահմանազատում կոչվածը միջազգային պրակտիկայում գոյություն չունի։ Դա Ադրբեջանի հորինածն է ու ձեզ պարտադրածը։ Դուք դա չեք էլ թաքցնում, ասում եք՝ եթե մենք սա չանենք, նոր սպառնալիքներ կառաջանան Հայաստանի նկատմամբ: Այսինքն ունենք ագրեսոր հարևան երկիր, թշնամաբար մեր նկատմամբ տրամադրված, որն իր ուզածին հասնելու է կամ մեր կամքով, կամ ուժի սպառնալիքով և պատերազմով։ Ձեր ղեկավարն այս ամբիոնից հայտարարում է, որ այս ամենն անելուց հետո լավ լինել ես չեմ երաշխավորում, բայց որ չանենք՝ հաստատ  վատ կլինի, դա երաշխավորւմ ենք։

Այսինքն, ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, բայց վատ լինելը հաստատ երաշխավորում է։ Օր առաջ այսպիսի իշխանություններից  այս ժողովուրդը պետք է ազատվի, քանի որ ավելի ու ավելի վատ է լինելու, որովհետև դա է երաշխավորում այս իշխանությունը»,- հայտարարեց Արմեն Ռուստամյանը:

  • Կիսվել: