երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ուկրաինան հավերժ կմնա իմ և տիկնոջս սրտերում․ Ուկրաինայում ՀՀ դեսպանն ավարտում է  պաշտոնավարումը

Ուկրաինան հավերժ կմնա իմ և տիկնոջս սրտերում․ Ուկրաինայում ՀՀ դեսպանն ավարտում է պաշտոնավարումը

Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«Սիրելի հայրենակիցներ, բարեկամներ, ընկերներ և գործընկերներ,

Այսօր իմ վերջին աշխատանքային օրն է Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում։ Ավարտվում է Ուկրաինայում իմ՝ համեմատաբար կարճաժամկետ, բայց իրադարձություններով հարուստ առաքելությունը։

Չնայած COVID-19 համավարակով պայմանավորված սահմանափակումներին, միասին մենք կարողացանք մի շարք գեղեցիկ մշակութային ծրագրեր իրականացնել, ընդլայնել և ամրապնդել դեսպանություն-համայնք կապը, իսկ ուկրաինացի գործընկերների հետ՝ վերականգնել կամ սկսել մի շարք երկկողմ հեռանկարային գործընթացներ։

Աշխատանքի զգալի մասը տեսանելի չի եղել, չեմ կարող այն բացահայտել նաև առաքելության ավարտին, բայց հավատացեք, որ համայնքի ղեկավարության և ուկրաինացի բարեկամների հետ միասին ունեցել ենք կարևոր ձեքբերումներ։

Երախտագիտության խոսքեր եմ ուղղում բոլոր աջակիցներին, և հավաստիացնում, որ Ուկրաինան հավերժ կմնա իմ և տիկնոջս՝ դեսպանության խորհրդական Նունե Զաստուխովայի սրտներում։

Նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանին մաղթում շոշափելի հաջողություններ իր առաքելության ընթացքում։

Հ.Գ. –  մեր պատրաստած վերջին հանրային ձեռնարկը՝ Ֆրանկոֆոնիայի կինոփառատոնի շրջանակներում ռեժիսոր Լևոն Մինասյանի «Բրավո, Վիրտուոզ» ֆիլմի ցուցադրությունը տեղի կունենա հունիսի 21-ին “Київська Русь” կինոթատրոնում (вул. Січових Стрільців, 93) ժամը 19։00-ին։ Համեցե՛ք»,-նշված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: