երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Թույլ Հայաստանը որևէ խոչընդոտ չի կարող լինել թուրքական հեռահար ծրագրերի համար․ Քոչարյան

Թույլ Հայաստանը որևէ խոչընդոտ չի կարող լինել թուրքական հեռահար ծրագրերի համար․ Քոչարյան

2020 թվականի պատերազմը բացահայտեց որոշ խնդիրներ։ Ռուսաստանի հետ սահմանի բացակայությունը ցույց տվեց Ռուսաստանի միջամտության և օժանդակության որոշակի լիմիտներ, լրագրողների հետ հանդիպմանը խոսելով ՀՀ անվտանգային միջավայրից՝ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Մինչ այսօր պատասխանը չկա, թե ինչու Վրաստանի օդային տարածքը փակ էր ռազմական բեռնափոխադրումների համար։ Մեր իշխանությունները հաշվարկե՞լ են, որ կարող է այդ տարածքը փակ լինի, թե՞ չէ։ Մինչ այսօր պատասխանը չկա, թե ինչու պատերազմի առաջին երկու շաբաթվա ընթացքում Իրանի օդի տարածքը ևս փակ էր։ Այս երկու գործոնը շեշտակի ազդեցություն ունեցավ պատերազմի արդյունքների վրա», - ասաց նա։

Եթե այս իշխանություններն այդ իրավիճակները չեն հաշվարկել, սա, ըստ Ռոբերտ Քոչարյանի, մեկ մեղադրանք է, բայց եթե հաշվարկել են և, այդուամենայնիվ, 2020 թվականի ամռանը Տավուշում գնացել են կոնֆլիկտ հրահրելու, դա էլ մեկ ուրիշ մեղադրանք կարող է առաջացնել այս իշխանությունների նկատմամբ։

Նա ասաց նաև, թե Ռուսաստանի միջնորդ լինելը ղարաբաղյան կարգավորման մեջ էականորեն սահմանափակում է ՌԴ-ի՝ քայլեր ձեռնարկելու ազատությունը։

«Մենք գրեթե զրոյից պետք է ստեղծենք նոր ռազմարդյունաբերական կոմպլեքս, հակառակ դեպքում նույն խնդրի առջև անպայման կանգնելու ենք։ Հարց է առաջանում՝ այս ամենն իվիճակի ենք ինքնուրույն անելու, թե ոչ։ Պատասխանը միանշանակ է՝ ոչ։ Պետք է հասկանալ, թե ինչ չափով է Ռուսաստանը պատրաստ այս ծավալի օժանդակություն և համագործակցություն ունենալ ՀՀ-ի համար», - ասաց Քոչարյանը։ 

Նա համուզմունք հայտնեց, թե դա հնարավոր է։

«Կասկածում եմ, որ մեր կողմից այդպիսի ազդակներ և այդպիսի խնդրանք գոյություն ունի», - ասաց նա։

Երկրորդ նախագահի կարծիքով՝ սա միակ ճանապարհը չէ Հայաստանի համար։ Նրա խոսքով՝ կա նաև ուրիշ՝ իր համար ոչ հաճելի ճանապարհ։ 

«Այդ ճանապարհը հետևյալն է՝ ընդունել թուրք-ադրբեջանական սպառնալիքը որպես անհաղթահարելի գործոն և ենթարկվել այդ սպառնալիքին։ Թուրքիան դադարելու է մեզ դիտել որպես իրեն խոչընդոտ միայն մեկ պարագայում, եթե ունենա տոտալ ազդեցություն մեր քաղաքական գործընթացների վրա։ Սա ենթադրում է, որ Թուրքիան պետք է գերիշխող դիրքեր ունենա մեր տնտեսության մեջ և լիարժեք ազդեցություն ունենա մեր քաղաքական էլիտայի վրա։ Ե՞րբ է սա հնարավոր, երբ ռուսական ներկայությունն այստեղ սկսի դադարել և փոխարինվի թուրքական ազդեցությամբ։ Սա հնարավոր է, եթե Հայաստանն ընդհանրապես հրաժարվի Ղարաբաղից», - նշեց Ռոբերտ Քոչարյանը։ 

Նրա խոսքով՝ այս քաղաքականությունն, անկասկած, աջակցություն է ունենալու Միացյալ նահանգների կողմից.

«Համադրելով բոլոր այն գործընթացները, որոնք ես տեսնում եմ, Հայաստանն անցել է այս երկրորդ տարբերակին։ Հայաստանը գնում է այս ճանապարհով։ Տարբերությունը հետևյալն է՝ Ռուսաստանին ձեռնտու է Հարավային Կովկասում ունենալ ուժեղ դաշնակից։ Մենք այդպիսինն ենք եղել մինչև վերջին պատերազմը։ Թուրքիային հետաքրքիր է ունենալ չափազանց թույլ Հայաստան, քանի որ միայն այդ պարագայում Հայաստանը որևէ խոչընդոտ չի կարող լինել թուրքական հեռահար ծրագրերի համար»։

Բոլորը հարցումները, Քոչարյանի խոսքով, ցույց են տալիս, որ մեր ժողովուրդը դեռ պատրաստ չէ այսպիսի զարգացմանը։

«Բայց Վրաստանի օրինակը եղել է իմ աչքի առաջ և ես տեսել եմ, թե ինչպես ակտիվ քարոզչության միջոցով փոխեցին մարդկանց տրամադրությունները և ինչ կարգի հակառուսականություն քարոզվեց և արմատավորվեց Վրաստանում։ Պետք է ազնիվ լինել ժողովրդի հետ և ասել, որ կան այս երկու ճանապարհները։ Իմ տպավորությամբ, այսօր մենք գնում ենք երկրորդ տարբերակով», - հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։

  • Կիսվել: