Թուրքիայի կողմից Արաքս գետի վրա ամբարտակների կառուցումն անընդունելի է. Իրանի էներգետիկայի նախարար
Իրանն անընդունելի է որակել Թուրքիայի կողմից Արաքս գետի վրա ամբարտակների կառուցումը: Այս մասին Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը:
Նա նշեց, որ այն քայլերը, որ ձեռնարկվում են Թուրքիայի կողմից ամբարտակների շինարարության հարցում, համաձայնեցված չեն Արաքս գետի ավազանի երկրների հետ:
՛՛Մենք մեր բողոքն ենք արտահայտում այդ մասին և գտնում ենք, որ Արաքս գետի ավազանում գտնվող բոլոր պետությունները ամբարտակների շինարարության, ինչպես նաև Արաքս գետի ջրի օգտագործման հարցում պետք է համաձայնեցված կերպով աշխատեն, և միակողմանի անհատական մոտեցումը կարող է իր մեջ Արաքս գետի համար վտանգներ ներառել՛՛,-ասաց Իրանի էներգետիկայի նախարարը:
Նա նաև հավելեց, որ իրանական կողմն այդ մասին իր մտահոգությունն է արտահայտել Թուրքիային: ՛՛Բազմաթիվ նիստեր և հանդիպումներ ենք ունեցել Թուրքիայի պատկան մարմինների հետ և նրանք մեզ վստահեցրել են, որ անպայման անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն, որպեսզի փարատեն մտահոգությունները: Մենք գտնում ենք, որ Արաքս գետի ավազանում գտնվող բոլոր երկրները միմյանց հետ քննարկեն այդ հարցը և արդարացիորեն օգտվեն այդ ջրային ռեսուրսից՛՛,-ասաց Մեհրաբիանը: