չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Թուրքիան նյարդերի պատերազմ է հայտարարել Հայաստանին եւ Արցախին. քաղաքագետ

Թուրքիան նյարդերի պատերազմ է հայտարարել Հայաստանին եւ Արցախին. քաղաքագետ

Այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար» Թուրալ Գյանջալիեւը ԵԽԽՎ միգրացիայի հարցերով հանձնաժողովի նիստում բարձրացրել է Արցախում լիբանանահայերի վերաբնակեցման խնդիրը: «Գյանջալիեւը կրկնել է ալիեւյան քարոզչության թեզը, որ «Հայաստանը փորձում է փոխել տեղաշրջանի ժողովրդագրական պատկերը»: Արցախյան կողմը հայտնել է Շուշիում լիբանանահայ երկու ընտանիքի բնակություն հաստատելու մասին:

Այդ կերպ հազիվ թե ժողովրդագրական խնդիր է լուծվում: Երեւույթն ավելի շատ խորհրդանշական է: Եւ Բաքվում դա գիտեն: Ալիեւյան վարչախմի նպատակն Արցախի սուբյեկտության դեմ հնարավոր բոլոր միջոցներով «սրբազան պատերազմն է»: Այդ քարոզչությանը միանում է նաեւ Թուրքիան: Ինչպես գրում է ադրբեջանական մի լրատվամիջոց, թուրքական «Ջումհուրիեթ» թերթում, որը իշխանությունների տեսակետն է արտահայտում, թեմային անդրադարձել է քաղաքական մեկնաբան Շաֆագ Մերթը: Նրա կարծիքով՝ Արցախում լիբանանահայերի վերաբնակեցումը վկայում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Ադրբեջանին մեկ թիզ հող իսկ վերադարձնելու մտադրություն չունի»:

Թուրք մեկնաբանն, ընդսմին, խնդիրը դիտարկել է շատ ավելի լայն՝ աշխարհաքաղաքական համատեքստում: Նա մտահոգիչ է անվանել Հայաստան-Հունաստան-Կիպրոս դաշինքի հեռանկարը եւ եզրահանգել, որ «Հայաստանի համար ազդակ պետք է լինի թուրք-ադրբեջանական ռազմական խորացող համագործակցությունը»:

Թուրքիան փաստացի նյարդերի պատերազմ է հայտարարել Հայաստանին եւ Արցախին՝ ավելի ու ավելի հավանական ներկայացնելով Արցախի դեմ ագրեսիայի դեպքում Ադրբեջանի կողմից իր ռազմական մասնակցությունը: ԵԱՀԿ Մինսկի խմբում որպես համանախագահ ներգրավվելու Թուրքիայի բազմաթիվ փորձերը ոչ մի արձագանք չեն գտել: Դիվանագիտական ձախողումն ակնհայտ է: Եւ Անկարան ընտրել է սպառնալիքի միջոցը: Արտառոց է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները լռություն են պահպանում: Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիան սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանային, այլեւ միջազգային կայունությանը եւ անվտանգությանը:

Արցախում լիբանանահայ երկու ընտանիքի բնակությունը միայն պատրվակ է, որպեսզի թուրք-ադրբեջանական ագրեսիան դրսեւորվի առայժմ քարոզչական դաշտում: Ի՞նչ սցենար է մշակվում Անկարա-Բաքու համագործակցությամբ:

Ո՞վ է երաշխավորելու Հարավային Կովկասի կայունությունը: Հայկական զինուժն այստեղ իրականացնում է խաղաղապահ առաքելություն, եւ շահագրգիռ կենտրոնները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի այդ դերակատարությունը ոչ միայն լեգիտիմացվի, այլեւ ամրապնդվի հավելյալ գործիքակազմով: Այլընտրանքը Հարավային Կովկասում սիրիական ճգնաժամի կրկնությունն է»,- գրում է քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը:

  • Կիսվել: