Թուրք-ադրբեջանական տանդեմին սպասարկող, հայկական ազգանուններ կրող մարդկանց կանգնեցնել է պետք․ Կարապետյան
2020 թ. նոյեմբերի փաստաթղթից ավելի վատ բան կարծես թե չէինք պատկերացնում, բայց այսօրվա իրականությունը կա: Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման հավաքի ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունը կանգ չի առնելու, շարունակելու է զիջումները, նրանց կանգնեցնելը կենսական անհրաժեշտություն է։
«Ես չեմ ուզում լինել չարագույժ, բայց այս վարչախումբը չի կանգնելու, չարը եկել է՝ անելու իր գործը։ Մենք դեռ շատ բաներ ունենք, ինչը պահանջելու է թուրք-ադրբեջանական տանդեմը, և ինչը նրանց պանթուրքական երազանքն է եղել։ Եվ նրանց սպասարկող մարդիկ, անկախ նրանից, որ կրում են հայկական ազգանուններ, չպե՛տք է Հայաստանի անունից կարողանան խոսել, չպե՛տք է Հայաստանի անունից կարողանան փաստաթուղթ ստորագրել։ Կանգնեցնե՛լ է պետք։ Մենք ունենք այդ ներուժը»,-ասաց Կարապետյանը։