ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ծխախոտի արտադրանքի համար ԵԱՏՄ անդամ պետություններում կներդաշնակեցվեն կիրառվող ակցիզային հարկի դրույքաչափերը

Ծխախոտի արտադրանքի համար ԵԱՏՄ անդամ պետություններում կներդաշնակեցվեն կիրառվող ակցիզային հարկի դրույքաչափերը

ԱԺ-ում քննարկվում է Կառավարության ներկայացրած՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզների մասով հարկային քաղաքականության իրականացման սկզբունքների մասին» համաձայնագիրը վավերացնելու օրենքի նախագիծը:

Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ներկայացրեց, որ ԵԱՏՄ-անդամ պետությունների շրջանակում գալիք 4 տարիների ընթացքում ծխախոտի արտադրանքի համար անդամ պետություններում կիրառվող ակցիզային հարկի դրույքաչափերը ներդաշնակեցնելու գործընթաց է ձեռնարկվել:

 «Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի դեկտեմբերի 19-ին, այնուհետ սկսվել է անդամ պետություններում ներպետական համաձայնեցման գործընթացը: Համաձայնագիրը ենթադրում է ծխախոտի արտադրանքի համար ուղենշային կամ կողմնորոշիչ դրույքաչափի սահմանում, որը 2024 թվականի ավարտի համար առաջարկվում է 35 եվրոյին համարժեք ազգային արժույթի չափով, միաժամանակ հաշվի առնելով այն, որ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները իրենց տնտեսական զարգացածության, մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքի և այլ մակրոտնտեսական ցուցանիշներով էականորեն տարբերվում են: Բանակցությունների փուլում որոշվել է անդամ պետություններին հնարավորություն ընձեռել դեպի ներքև և անհրաժեշտության դեպքում դեպի վեր շեղվել այս ուղենշային չափից, որը 1000 գլանակի համար 35 եվրոյին համարժեք ազգային արժույթ է»,- ասաց փոխնախարարը:

Նա նշեց, որ այս պահին ակցիզային հարկի դրույքաչափը 1000 գլանակի հաշվով կազմում է 11 հազար 70 դրամ, և արդեն իսկ ընդունված օրենքներով նախատեսված է մինչև 2023 թվականի ավարտը տարեկան 15 տոկոսով ծխախոտի արտադրանքի համար ծխախոտի ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացում:

«Այս տեմպերով մենք մեր հաշվարկների համաձայն լինելու էինք 28 եվրոյի նվազագույն սահմանագծից վեր: Հաշվարկները կատարվել էին դեռ այն ժամանակ, երբ եվրոյի փոխարժեքն ազգային արժույթի համեմատությամբ 520 դրամի շրջակայքում էր: Հիմա, քանի որ փոխարժեքն էականորեն փոխվել է՝  համաձայնագրի կիրառությունը ապահովելու համար այլ հավասար պայմաններում, եթե փոխարժեքի նոր փոփոխություններ չլինեն մինչև 2024 թվականի ավարտը, գուցե անհրաժեշտություն լինի 2024 թվականի համար նույնպես, ինչպես դրա նախորդող տարիներին, 15-20 տոկոսով բարձրացնել ծխախոտի արտադրանքի ակցիզային հարկի դրույքաչափերը»,- ասաց փոխնախարարը:

  • Կիսվել: