չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Կարող ենք ասել՝ «Սերժը փրկեց Նիկոլին». Արմեն Աշոտյանը՝ ԵԱՀԿ-ի համաժողովի մասին

Կարող ենք ասել՝ «Սերժը փրկեց Նիկոլին». Արմեն Աշոտյանը՝ ԵԱՀԿ-ի համաժողովի մասին

Մնացականյանի ելույթում Արցախյան խնդրի լուծման՝ երեք ժողովուրդներին ընդունելի լուծման մտքից զատ, տպավորություն կար, որ Էդուարդ Նալբանդյանն է խոսում, ոչ թե Զոհրաբ Մնացականյանը: Այս մեկուկես տարվա ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյան-արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյան զույգի դեգերումները ղարաբաղյան հարցում ավարտվեցին նրանով, որ վերահաս ճգնաժամից և կատաստրոֆայից խուսափելու համար զույգը կրկին բռնվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան-նախկին արտգործնախարար Էդուարդ Նալբանդյան զույգի կողմից մշակված բանակցային փաթեթից՝ որպես փրկօղակ:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Բրատիսլավայում կայացած ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովի շրջանակներում Զոհրաբ Մնացականյանի ելույթին:

«Ի՞նչ կարիք կար մեկուկես տարի կորցնել, քայքայել բանակցային դիրքերը, մեծամտանալ, ասել, որ ես ամեն ինչ գիտեմ, ես Ղարաբաղի հարցին տիրապետում եմ, ես սկսում եմ բանակցային գործընթացը սեփական կետից, իսկ հետո վերջում գալ և էլի որպես փրկօղակ բռնվել Սերժ Սարգսյանի թողած քաղաքական ժառանգության այդ հատվածից: Այսինքն՝ եթե վերնագիր է պետք, այսպես կարող ենք ասել՝ «Սերժը փրկեց Նիկոլին»»,- հայտարարեց Աշոտյանը:

Ըստ նրա՝ Ղարաբաղյան հարցի բանակցային գործընթացում Բրատիսլավայի քննարկումը մշուշոտ է, որովհետև կար հստակ դիսոնանս մինչև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում բանակցային գործընթացը, և պետք է հասկանալ՝ ինչ է կատարվել այնտեղ:

«Կարծում եմ՝ իրեն թափանցիկ հռչակած իշխանությունը պարտավոր է մեզ բացատրել՝ ինչ կատարվեց Բրատիսլավայում, ինչ էին խոստացել և ում էին խոստացել Բրատիսլավայից առաջ: Ինչո՞ ւ այդ հանդիպումն այդպես էլ որևէ ռեալ կերպ չներկայացվեց հանրությանը, ի՞նչ կատարվեց»,-ասաց ՀՀԿ փոխնախագահը:

Ըստ Աշոտյանի՝ մեկուկես տարի անց նույն կետին վերադառնալու բացասական հետևանքը միայն ժամանակի կորուստն ու միայն այն «լոպազությունը» չեն, որով գործող իշխանությունները խոսում էին ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին՝ մինչև այս հանդիպումը:

«Բացասական հետևանքներից մեկն այն է, որ «համը մնացել է Ադրբեջանի բերանում», մասնավորապես, փախստականների վերադարձի խնդրի վերաբերյալ, հայկական կողմից այս ընթացքում անհասկանալի «խաղաղասիրության» մեսիջների և հղումների վերաբերյալ, և այստեղ իշխանության և ողջ հասարակության համար առաջանում է պլան Բ-ի խնդիր: Այն իր մեջ ներառում է հետևյալ կարևոր բաղադրիչները՝ առաջինը՝ դադարել ջլատել հասարակությունն ու քաղաքական դաշտը յուրայինների և թշնամիների: Հրապարակավ հայտարարել, որ Հայաստանի նորագույն պատմության մեջ զեբրի՝ այն է՝ սև ու սպիտակի դարաշրջանն ավարտված է»,-նշեց Աշոտյանը:

  • Կիսվել: