չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՏԿԵ նախարարի տեղակալը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրենի հետ

ՏԿԵ նախարարի տեղակալը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրենի հետ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինայի հետ:

Նախարարի տեղակալը շնորհակալություն է Երևան ժամանելու կապակցությամբ և նշել է, որ Հայաստանը գիտակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի ամբողջ ծավալը և պատասխանատվությունը։ Այդ իսկ պատճառով այսօր ՀՀ կառավարությունը և բոլոր շահագրգիռ գերատեսչությունները քննարկումներ են իրականացնում այդ կարևոր միջոցառումը պատշաճ կերպով հյուրընկալելու հնարավորության վերաբերյալ:
Վաչե Տերտերյանը շեշտել է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքական կարևոր ուղղություններից է:

Հայաստանը ՖՄԿ-ին անդամակցության առաջին իսկ օրվանից եղել է շատ ակտիվ, այդ թվում՝ կազմակերպության խոշոր միջոցառումների հյուրընկալության և կազմակերպման հարցերում։ Բացի այդ վերջին տարիներին Հայաստանը զգալի փորձ է կուտակել նաև միջազգային խոշոր սպորտային միջոցառումներ հյուրընկալելու հարցում, և այս տարիներին կուտակված փորձը և ակտիվ ներգրավումը ՖՄԿ բոլոր կառույցների գործունեության մեջ թույլ են տալիս դիտարկել 2027 թվականին կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ՝ հոբելյանական խաղերը Երևանում հյուրընկալելու և համապատասխան հայտ ներկայացնելու հնարավորությունը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են տրամադրվելիք խորհրդատվության, աջակցության ինչպես նաև կարևոր նշանակություն ունեցող այլ հարցեր:

  • Կիսվել: