երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՏԻՄ ընտրություններին ընդառաջ Գյումրիում կրքերը թեժանում են

ՏԻՄ ընտրություններին ընդառաջ Գյումրիում կրքերը թեժանում են

Հանրապետության մի շարք բնակավայրերում, այդ թվում Գյումրիում աշնանը սպասվում են տեղական ինքնակառավարման ընտրություններ: Ինչպես հաղորդում է Գյումրիում InfoPort.am-ի թղթակիցը, սպասվող ընտրությունների նախաշեմին կրքերը արդեն սկսել են թեժանալ:

Ըստ իշխանությանը մերձ աղբյուրների «Քաղաքացիական պայմանագիրը» Գյումրիում պատրաստվում է առաջադրել հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին, թեև վերջինս դեռևս հստակ պատասխան չի տվել: Դեռ պարզ չէ կառաջադրվի նորից գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը, եթե այո, ապա որ քաղաքական ուժի կողմից:

Տարբեր քաղաքական ուժերի կողմից քաղաքում արդեն հայտնվել են տարբեր «ինքնաառաջադրված քաղաքապետացուներ»: Հատկապես ակտիվ են «Հայաստան» դաշինքի ինքնահռչակ թեկնածուները, որոնց թիվը այս պահին հասնում է ոչ ավել, ոչ պակաս 5-ի: Այդ պսևդո քաղաքապետերն արդեն սկսել են հավաքել ավագանու անդամների ցուցակներ, իսկ նրանցից շատերը դիմում են քաղաքի հեղինակություններին, ոմանք նաև ֆեյսբուք սոցիալական ցանցում արդեն իսկ քարոզարշավ են սկսել:

Միևնույն ժամանակ դաշինքի մեր աղբյուրները հայտնում են, որ այն դեռ չունի քաղաքական որոշում Գյումրվա ընտրություններին մասնակցելու հարցում, և եթե անգամ մասնակցի, ապա առաջին համարը լինելու է ՀՅԴ-ից։ Սակայն ինքնահռչակները անկախ ամեն ինչից սկսել են պայքարել։ Նրանց թվում է տարբեր ժամանակներում կուսակցություններ ու առաջնորդներ փոխած Կարապետ Պողոսյանը, ով տևական ժամանակ ծառայել է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին։

Հաջորդ ինքնառաջադրվածը` Գյումրու նախկին ջրմուղի պետ, «Հայաստան» դաշինքի Գյումրու շտաբերից մեկի ղեկավար Հովհաննես Ասոյանի փեսան է, ով քաղաքում ավելի հայտնի է որպես Պեպսիի Կարեն կամ ավելի նեղ շրջանակներում որպես Ըբու։ Վերջինս նաև ՔՊ պատգամավոր Արսենյանի գործընկերն է, ով այսօր անհասկանալի ճանապարհներով հայտնվել է «Հայաստան» դաշինքի կազմում։ Դաշինքի մեր աղբյուրները հավաստում են, որ այս երկու ինքնահռչակ թեկնածուների առկայությունը արդեն հերիք է ընտրությունների ժամանակ քաղաքական ուժի ֆիասկոն ապահովելու համար, քանի որ գյումրեցիների շրջանում նրանք այնքան էլ լավ համբավ չեն վայելում:

Նշենք, որ «Հայաստան» դաշինքում արդեն կողմնորոշվել են Երևանի քաղաքապետի թեկնածուի հարցում: Դաշինքի թեկնածուն կլինի Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին` Լևոն Քոչարյանը: Ու թեև երևանյան ընտրություններին դեռ մեկ տարի կա, այստեղ էլ ինչպես և Գյումրիում արդեն կազմվում են ինքնահռչակ ավագանիների և թաղապետերի ցուցակներ:

  • Կիսվել: