ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ ՀՀ-ի և Նորվեգիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

Տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ ՀՀ-ի և Նորվեգիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

Հունիսի 23-ին Օսլոյում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Նորվեգիայի Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, նորվեգականը՝ ԱԳՆ պետքարտուղար Էիվինդ Վադ Պետերսսոնը։

Հանդիպման մեկնարկին կողմերը ողջունեցին Հայաստանի և Նորվեգիայի միջև ս․թ․ հունիսին նշվող դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը:

Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-նորվեգական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ արժևորելով երկու երկրների միջև ձևավորված կառուցողական երկխոսությունը և հարաբերությունների հետագա զարգացումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Անդրադառնալով տնտեսական կապերի ակտիվացման կարևորությանը՝ կողմերը դրանց ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն հայտնեցին։

Կողմերը ծանոթացան միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ միմյանց դիրքորոշումներին, անդրադարձան միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն ու փոխադարձ աջակցությանը։ Կարևորվեց երկկողմ քաղաքական խորհրդակցությունների շարունակականության ապահովումը:

Նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն անդրադարձավ նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակին։ Այդ համատեքստում նախարարի տեղակալը ընդգծեց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի կարևորությունը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։

Այցի շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ ելույթ ունեցավ Միջազգային հարաբերությունների նորվեգական ինստիտուտում (NUPI):

  • Կիսվել: