կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Թե՛ երկրաշարժի, թե՛ պատերազմի հետևանքների հաղթահարման ուղղությամբ՝ անելիքներ դեռ շատ կան․ Ֆելիքս Ցոլակյան

Թե՛ երկրաշարժի, թե՛ պատերազմի հետևանքների հաղթահարման ուղղությամբ՝ անելիքներ դեռ շատ կան․ Ֆելիքս Ցոլակյան

Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի՛ հայրենակիցներ,
32 տարի առաջ այս օրը` 1988թ. դեկտեմբերի 7-ին, ժամը 11:41-ին Հայաստանը ցնցվեց Սպիտակի աղետալի երկրաշարժից:
Ավերիչ երկրաշարժի զոհ դարձան շուրջ 25.000 մեր հայրենակիցներ, տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ դարձան անօթևան, շարքից դուրս եկավ հանրապետության արդյունաբերական պոտենցիալի և ենթակառուցվածքների զգալի մասը:

Հարգելի՛ հայրենակիցներ,
Երկրաշարժից ավելի քանի երեսուն տարի անց, երբ երկրաշարժի վերքերը դեռ չէին հասցրել անգամ սպիանալ՝ Հայաստանն ու աշխարհասփյուռ հայությունը նորից հայտնվել է աղետի մեջ:
Թշնամու կողմից սանձազերզված աղետալի պատերազմը խլեց մեր լավագույն տղաների՝ Հայրենիքի պաշտպանների կյանքը: Մեր լավագույն հերոս տղաները ընկան հերոսի մահով՝ հանուն Հայաստանի ու Արցախի, հանուն Հայ ժողովրդի ներկայի ու ապագայի, ինչը պարտավոր է գիտակցել մեզանից յուրաքանչյուրը:

 

Սիրելի՛ հայրենակիցներ,
Թե՛ երկրաշարժի, թե՛ պատերազմի հետևանքների հաղթահարման ուղղությամբ՝ անելիքներ դեռ շատ կան: Հարկավոր է հանդարտության և համերաշխության մթնոլորտում, ճիշտ և կշռադատված քայլերով վերջնականապես լուծել բոլոր խնդիրները, որի արդյունքում միայն՝ հնարավոր կլինի մեղմել մեր ժողովրդի ցավը:
Խոնարհումս երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին…
Խոնհարումս հանուն Հայրենիքի անմահացած մեր տղաների հիշատակին…
Խիղճ և խաղաղություն բոլորիս…»

  • Կիսվել: