հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ճիշտ քաղաքականության դեպքում հնարավոր է վերականգնել Արցախի սուվերեն տարածքը. «Հանրապետություն»

Ճիշտ քաղաքականության դեպքում հնարավոր է վերականգնել Արցախի սուվերեն տարածքը. «Հանրապետություն»

՛՛Հանրապետություն՛՛ կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Արամ Սարգսյանը քարոզարշավի 6-րդ օրը Ջրվեժում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ի դեմս իրենց՝ Ազգային ժողովում պետք են նաև արևմտյան ուղղվածության ուժեր:

Իսկ թե ինչու, նա պարզաբանեց. ՛՛Որ սահմանների խախտումը, գերիների խնդիրը, Սյունիքի ճանապարհների խնդիրը լուծվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, լուծվի հնգակողմ, չմնա միայն երեք ուժի վրա: Որ խաղաղարարները, որոնք այսօր կանգնած են, չլինեն մեկ պետության, լինեն բազմազգ՛՛:

Սարգսյանը նշեց նաև, որ ճիշտ քաղաքականություն վարելու դեպքում հնարավոր է վերականգնել նաև Արցախի սուվերեն տարածքը:

՛՛Եթե նախկինում հայկական բանակն էր ապահովում Ղարաբաղի, Արցախի ժողովրդի անվտանգությունը, այսօր մենք, եթե բանակով չենք կարողանում, գոնե ֆինանսական միջոցներով Արցախում ապրելը պետք է դարձնենք շահութաբեր՛՛,-ասաց նա:

Կուսակցության քարոզարշավի հերթական կանգառը Գառնիում էր: Այստեղ Արամ Սարգսյանն ասաց. ՛՛Համոզված ենք, որ խորհրդարանական համակարգը մեր կարգի երկրներում իրեն չի արդարացնում, այդ համակարգն ավելի բարեկեցիկ և ավելի ոչ պատերազմական երկրների համար է ընկալելի: Նույն Իսրայելում մեկ տարվա մեջ 4 խորհրդարանական ընտրություն տեղի ունեցավ, և մենք չենք կարող այդ ճոխությունը մեզ թույլ տալ՛՛:

 

  • Կիսվել: