չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Թբիլիսին պատրաստ է Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների հանդիպում կազմակերպել

Թբիլիսին պատրաստ է Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների հանդիպում կազմակերպել

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարություն է տարածել՝ կապված ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի հետ:

«Ադրբեջանի ու Հայաստանի միջև հերթական ռազմական բախման հետևանքով ստեղծվել է դժվար իրավիճակ, կան բազմաթիվ զոհեր և ցավոք, ռազմական գործողությունների դադարումն ու երկխոսության վերսկսումն առայժմ հավանական չի թվում:

 

Մենք բոլորս հասկանում ենք, որ իրավիճակի հետագա սրումը բացասական ազդեցություն կունենա ամբողջ տարածաշրջանի անվտանգության վրա: Մենք կրկին կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային խաղացողներին՝ առավելագույնս օգտագործել իրենց հնարավորությունները՝ իրավիճակի այս սրմանը վերջ դնելու և երկխոսությունը վերսկսելու համար»,- ասված է հայտարարության մեջ:

Գախարիան շեշտել է, որ Վրաստանը բարիդրացիական հարաբերություններ ունի թե Ադրբեջանի, թե Հայաստանի հետ: Կառավարության ղեկավարը նշել է, որ Վրաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել տարածաշրջանում հնարավորինս արագ խաղաղություն հաստատելու գործընթացին, պատրաստակամություն հայտնել հակամարտող կողմերի ներկայացուցիչների երկխոսության հնարավորություն ստեղծել՝ Թբիլիսիում հանդիպում կազմակերպելով:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է թշնամու 7 ուղղաթիռ, 72 անօդաչու թռչող սարք, 137 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 4 զրահափոխադրիչ 82Ա և «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ: Հակառակորդն ունի ավելի քան 790 զոհ, ավելի քան 1900 վիրավոր։

  • Կիսվել: