կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
 Մենք աջակցություն ենք փնտրում ԵՄ անդամ բոլոր պետություններից. Ալեն Սիմոնյանը՝ Եվրանեսթ ԽՎ նստաշրջանում

Մենք աջակցություն ենք փնտրում ԵՄ անդամ բոլոր պետություններից. Ալեն Սիմոնյանը՝ Եվրանեսթ ԽՎ նստաշրջանում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանում.
 
«Հարգելի՛ համանախագահներ,
 
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի անդամներ,
 
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
 
Ինձ համար մեծ պատիվ է նման հարգարժան լսարանի առջև ելույթ ունենալը։
 
Կցանկանայի խոսքս սկսել՝ շնորհակալություն հայտնելով Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նախորդ նստաշրջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով առաջացած մարդասիրական հարցերի վերաբերյալ ընդունված բանաձևի համար, որը, ի թիվս այլ հարցերի, անդրադառնում էր նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակմանը, անհայտ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրմանն ու տարածաշրջանում մշակութային ժառանգության պահպանության նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելուն։
 
Անցյալ տարի սեպտեմբերին, երեք օրվա ընթացքում, մենք ականատես եղանք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ամբողջական էթնիկ զտմանը, երբ նրանք ստիպողաբար լքեցին իրենց պատմական հայրենիքը։ Միայն թե աշխարհը հետևողական լիներ Հայաստանի զգուշացումներին առ այն, որ Ադրբեջանի ռազմատենչ, հակահայկական հռետորաբանությունը, Լաչինի միջանցքի շրջափակումն այս ողբերգության նախերգանքն էին, այն հնարավոր կլիներ կանխել։
 
Այսպիսի աշխարահաքաղաքական զարգացումները եւս մեկ անգամ ի ցույց են դնում այն մարտահրավերները, որոնց բախվում է ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում։ Համախմբվածությունը՝ ի պաշտպանություն համընդհանուր արժեքների, օրվա հրամայական է․ մարդու իրավունքները պետք է հարգվեն, առավելապաշտությունը պետք է մերժվի, ջանքերը պետք է ուղղվեն համաշխարհային խաղաղությանն ու կայունությանը։
 
Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության բռնի տեղահանումից հետո մեր կառավարությունը կենտրոնացրել է իր ջանքերը՝ հոգալու ավելի քան 100.000 փախստականների մարդասիրական կարիքները։ Այս առումով, ես իմ շնորհակալությունն եմ հայտնում Եվրամիությանը և ԵՄ անդամ պետություններին բռնի տեղահանվածների առաջնային կարիքները հասցեագրելու համար տրամադրված մարդասիրական օժանդակության համար։
 
Անկասկած, շարունակական աջակցություն է անհրաժեշտ՝ օգնելու այս մարդկանց վերակառուցելու իրենց կյանքը, և մենք լիահույս ենք, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել՝ կյանքի կոչելու սոցիալական այն ծրագրերը, որոնք մշակվել են Հայաստանի կառավարության կողմից՝ բռնի տեղահանվածներին կացարանով և աշխատանքով ապահովելու նպատակով։
 
Չնայած անվտանգության մարտահրավերներին, որոնց Հայաստանը առերեսվել է վերջին ամիսներին՝ մենք հաստատակամ ենք մեր վճռականության մեջ՝ կառուցելու մի հասարակություն, որը լիովին կարտացոլի մեր արժեքները. արժեքներ, որոնք մենք կիսում ենք ԵՄ-ի հետ։ Մենք ծափահարում ենք ԵՄ-ին մեր համագործակցությունը խորացնելու հանձնառության համար և անհամբերությամբ սպասում թարմացված գործընկերության առաջնահերթություններին, որոնք կարտացոլեն մեր համատեղ մոտեցումները։
 
Ցանկանում եմ հղում կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատմական հայտարարությանը, ով 2023 թվականի հոկտեմբերին հստակ բարձրաձայնել է Հայաստանի մտադրությունն էլ ավելի մոտենալու ԵՄ-ին։
 
Այս համատեքստում, մենք դիտարկում ենք Արևելյան գործընկերությունը, որ խթանել է ավելի սերտ համագործակցություն լայն օրակարգով՝ որպես ամուր հիմք Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար։
Արևելյան գործընկերությունը հսկայական ներդրում է ունեցել իմ երկրում ժողովրդավարության զարգացման գործում, որը միանշանակորեն ընտրել է ժողովրդավարացման և բարեփոխումների ուղին։ Հայաստանը հաստատակամ է շարունակելու այս ճանապարհը Եվրամիության աջակցությամբ։ Հայաստանը մնում է հանձնառու տարածաշրջանում կայուն և արժանապատիվ խաղաղություն ստեղծելուն։
 
Թույլ տվեք օգտվել այս պահից և շնորհակալություն հայտնել ԵՄ խորհրդին՝ ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում տեղակայելու և հետագայում ընդլայնելու համար։ ԵՄ-ի առաքելության տեղակայմամբ Հայաստանում բարելավվել է անվտանգային իրավիճակը երկրի սահմանամերձ շրջաններում։
 
Մենք անհամբերությամբ ենք սպասում մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելուն՝ որպես Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մաս։ Սա կլինի Հայաստան-ԵՄ համագործակցության հերթական շրջադարձային քայլը, որը, մարդկանց միջև շփումները խթանելուն զուգահեռ, շատ կարևոր քաղաքական ուղերձ կհղի Հայաստանի ժողովրդին։
 
Հարգելի՛ գործընկերներ, տարածաշրջանային անվտանգությունն ու Հայաստանի պաշտպանողական կարողությունները զարգացնելն ու դիվերսիֆիկացնելը մնում են առաջնահերթություն մեզ համար։ Այս առումով մենք կարևորում ենք խաղաղության եվրոպական գործիքի միջոցով Հայաստանին աջակցության տրամադրումը, միաժամանակ մենք աջակցություն ենք փնտրում ԵՄ անդամ բոլոր պետություններից։
 
Խոսքիս ավարտին ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Եվրախորհրդարանին՝ Եվրոպական միության և Հայաստանի միջև ավելի սերտ հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության վերաբերյալ ընդունած վերջին բանաձևի համար։ Սա եւս մեկ վառ ապացույց է Հայաստանի և ԵՄ-ի միջև առկա բարձր մակարդակի ներգրավվածության, որի հիմքում ընկած է համատեղ լայնամասշտաբ տեսլական, որն իր հերթին արտացոլում է նաև հայ ժողովրդի կամքն ու ձգտումները։
Շնորհակալություն»,- նշել է նա։

  • Կիսվել: