երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Սյունիքում քվեարկած զինվորականների թիվը Վահե Հակոբյանը ուռճացրել է ավելի քան 3 անգամ. FIP

Սյունիքում քվեարկած զինվորականների թիվը Վահե Հակոբյանը ուռճացրել է ավելի քան 3 անգամ. FIP

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը հունիսի 24-ին լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Սյունիքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակին և գրանցված ցուցանիշներին, հայտարարել էր, որ Սյունիքի մարզում 15 հազար զինվորական էր բերվել քվեարկության, գրում է fip.am-ը:

«Ընդեղ (Սյունիքում — խմբ․) քվեարկել են, մեր տվյալներով, շուրջ 15 հազար զինվորական»,- հայտարարել էր Հակոբյանը։

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգեց և համեմատեց հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին Սյունիքի մարզի ընտրողների վերաբերյալ բաց աղբյուրներում առկա տեղեկությունները և պարզեց, որ Վահե Հակոբյանի հայտարարած թիվը խիստ չափազանցված է։

Այսպես, ըստ ոստիկանության կողմից ներկայացված տվյալների՝ Սյունիքի մարզում ընտրողների թիվը 105,062 է։ Այս թվի մեջ ներառված չեն այն զինվորականների տվյալները, որոնք գրանցված չեն այս մարզում, սակայն ծառայությամբ պայմանավորված պետք է քվեարկեին այստեղ։ Զինվորականների ցուցակները գաղտնի են։

 Սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված՝ ըստ տեղամասերի քվեարկության արդյունքների փաստաթղթում ներկայացվում է կոնկրետ տեղամասում ընտրողների ընդհանուր թիվը, որի մեջ արդեն ներառված են նաև զինվորականներն ու բնակության վայրը փոխածները։ Ըստ այդմ, Սյունիքի մարզում (34, 35 ընտրատարածքներ) ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 109,750։ Ինչպես նշեցինք, այս թվի մեջ ներառված են նաև մարզում քվեարկած զինվորականները։

Ոստիկանության և ԿԸՀ-ի կողմից հրապարակված տվյալների համեմատության շնորհիվ կարող ենք հասկանալ, թե մոտավորապես քանի զինվորական է քվեարկել Սյունիքի մարզում։ Ըստ այդմ, տարբերությունը կազմում է 4688։ Այլ կերպ ասած՝ առավելագույնը 4688 զինվորական է Սյունիքում մասնակցել ընտրությանը։ Պետք է նշել, որ այս թիվը կարող է ավելի քիչ լինել, քանի որ ՀՀ-ում հաշվառում չունեցող, բայց դիմումի համաձայն գտնվելու վայրի մոտակա տեղամասում ու քվեարկության օրն ըստ գտնվելու վայրի ընտրողների ցուցակում ընդգրկվածները ևս այս թվի մեջ են մտնում։ 

Այսպիսով փաստենք, որ Վահե Հակոբյանի այն պնդումը, թե 15 հազար զինվորականներ են բերվել Սյունիքի մարզ քվեարկության նպատակով, առնվազն չափազանցված է։ Սյունիքի մարզում քվեարկել է առավելագույնը 4700 զինծառայող։

  • Կիսվել: