երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Սուրբ տեղը դատարկ չի մնում. Մեկ է՝ ումով կլցնենք, միայն մեր ժողովրդին պաշտպանենք. Ալեն Սիմոնյանը՝ ՆԱՏՕ գնալու մասին

Սուրբ տեղը դատարկ չի մնում. Մեկ է՝ ումով կլցնենք, միայն մեր ժողովրդին պաշտպանենք. Ալեն Սիմոնյանը՝ ՆԱՏՕ գնալու մասին

Հայաստանը չէ, որ վատացնում է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ. Ռուսաստանն այսօր ուղղակի դուրս է գալիս մեր տարածաշրջանից, փորձում է մեր տարածաշրջանը սակարկման առարկա սարքել Թուրքիայի հետ իր տնտեսական շահերը առաջ տանելու համար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը

Դիտարկմանը, որ ՀԱՊԿ-ը հայտարարել է, որ պատրաստ են գալ Հայաստան՝ դիտորդական առաքելությամբ, Ալեն Սիմոնյանն ասաց. «Նախ, իրենք դա արել են այն բանից հետո, երբ հայտնի դարձավ ԵՄ քաղաքացիական առաքելության մասին: Երկրորդը, ո՞րն է սահմանը ՀԱՊԿ-ի: ԵՄ-ն ճանաչում է մեր սահմանը, իսկ երբ մենք դիմեցինք ՀԱՊԿ-ին, իրենք մեզ ի՞նչ պատասխանեցին: Ասացին՝  սահմանը դեմարկացված չէ: Հարց. Բա եթե այդ սահմանը չկա, բա նոյեմբերի 9-ի հայտարարությամբ  մենք որտեղի՞ց էինք զորքերը դուրս բերում: Կամ ուրիշ հարց. Եթե իրենք եկան, որտե՞ղ են կանգնելու, եթե նախապես հայտարարում են, որ չկա դեմարկացված սահման»:

Հարցին, թե արդյոք Հայաստանը գնում է դեպի ՆԱՏՕ, հատկապես, որ արդեն Եվրոպայից հնչում են նման արտահայտություններ, ԱԺ նախագահը պատասխանեց. «Մենք մի նպատակ ունենք՝ անվտանգություն ենք ուզում: Մենք ունենք առնվազն երկու լուրջ պայմանագիր, որոնցից մեկը հայ-ռուսական պայմանագիրն է, մյուսը ՀԱՊԿ-ի պայմանագիրն է: Բարի եղեք կատարեք: Հարցն այստեղ ՔՊ-ն չի, Ալենը չի, Ալենի հայտարարությունները չեն; Եղբայր, կատարեք ձեր պարտավորությունները, ի՞նչ ՆԱՏՕ: Դա գալիս է նրանից, որ սուրբ տեղը դատարկ չի մնում»:

Հարցին, թե ո՞ւմով եք ուզում լցնել այդ դատարկ տեղը, նա արձագանքեց. «Մեկ է՝ ումով, միայն մենք մեր ժողովրդին, մեր սահմանը կարողանանք պաշտպանել: Այնպես չլինի, որ դրա պատճառով հետագայում տուժենք, բայց այսօր ակնհայտ է, որ այն պաշտպանողական համակարգը, որ մենք պատկերացնում էինք մեր տարածաշրջանում կա, չի գործում: Թող իրենց ԱԳՆ ներկայացուցիչները գան, տանենք մեր Եռաբլուրը, Ծիծեռնակաբերդը, տանենք այն ընտանիքները, որտեղ ամեն օր երեխա է մեռնում: Էդ ինչե՞ր են խոսում, ո՞ւմ են ուզում խաբած լինեն»:

Ինչ վերաբերում է Հռոմի ստատուտին, որնն արդեն ուղարկվել է ԱԺ-ի վավերացմանը, Ալեն Սիմոնյանն ասաց, որ ամենայն հավանականությամբ, այն կվավերացվի. «Հիմա քննարկումների փուլում է գտնվում, կքննարկենք, կհասնանանք՝ մեր երկրի համար, մեզ շահեկան մասերը որոնք են, իսկ դրանք շատ են, որովհետեւ մեր նկատմամբ ռազմական հանցագործություններ են իրագործվել, եւ դա գաղտնիք չէ: Այսօր շարունակվում է ռազմական հանցագործությունը ի դեմս  առնվազն 35 մեր գերիների, ավելին չեմ ասում: Մեզ դա պետք է, մեր երկրին է պետք»,-ընդգծեց Սիմոնյանը:

  • Կիսվել: