երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ստեղծել ենք քաղաքական պայքարի բավականին լուրջ գործիք․ Ռոբերտ Քոչարյանը՝ վերադարձի և «թավշյա հեղափոխության» մասին

Ստեղծել ենք քաղաքական պայքարի բավականին լուրջ գործիք․ Ռոբերտ Քոչարյանը՝ վերադարձի և «թավշյա հեղափոխության» մասին

Ես քաղաքականությունից, պաշտոնից հեռացել էի մեծ համոզմամբ, որ հեռանում եմ ընդմիշտ՝ մտադիր լինելով զբաղվել մի ավելի հետաքրքիր, նոր բանով, սակայն շրջադարձը կյանքում կտրուկ էր: Այս մասին ռուսական РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է արվել այս երկու տարիներին` սկսած այն պահից, երբ նա հայտարարեց քաղաքականություն վերադարձի մասին։

«Ստիպված եղա ամեն ինչ զրոյից սկսել: Այսօր մենք ստեղծել ենք քաղաքական պայքարի բավականին լուրջ գործիքներ: Ստեղծվել է բավականին լավ, ֆունկցիոնալ թիմ` բավականին լավ ներկայացված լրատվական դաշտում, սոցիալական ցանցերում: Դրանք այն գործիքներն են, առանց որոնց այսօրվա պայմաններում քաղաքական պայքար հնարավոր չէ: Դրա վրա 1,5-2 տարի ծախսվեց»,- ասել է նա։

Երկրորդ նախագահը մեկնաբանել է նաև 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» պատճառները․

«Իշխանության մոտ հոգնածություն էլ կար, սակայն երկրում կար նաև պոպուլիստական ալիքի միտում, որը տարածվել էր նաև ամբողջ Եվրոպայում: Դա երևի կապված է նաև սոցիալական ցանցերի զարգացման, տեղեկատվական դաշտի ապակենտրոնացման հետ: Իշխանությունը չէր հասցրել հարմարեցնել իր քաղաքական գործիքներն այդ իրավիճակին: Թվացյալ տեղեկատվական քաոսը, այնուամենայնիվ, ղեկավարվում էր: Այն ուժերը, որոնք օգտվեցին այդ իրավիճակից, այդ թվացյալ քաոսը բավականին լավ ղեկավարում էին: Դա նաև ճիշտ կիրառված տեխնոլոգիաներն էին: Իմ կարծիքով՝ դա շատ գրագետ և լավ աշխատեցված տեխնոլոգիա էր, և իհարկե, եթե որոշակի հիասթափություն չլիներ, այդ տեխնոլոգիան չէր աշխատի»։

  • Կիսվել: