երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը անիմաստ կառույց է․ Մարիամ Ֆերայան

Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը անիմաստ կառույց է․ Մարիամ Ֆերայան

Imedia.am լրատվական կայքի զրուցակիցն է բիզնես մենեջեր Մարիամ Ֆերայանը։

Տիկին Ֆերայան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի իշխանությունների վարած ներքին և արտաքին քաղաքականությունը։

Ապաշնորհ․․․ Հայաստանի իշխանությունների վարած թե’ ներքին, թե’ արտաքին քաղաքականությունը կործանարար է հայ ժողովրդի համար և ուղիղ սպառնալիք Հայաստանի Հանրապետության պետականությանը:

Բնակվելով ԱՄՆ-ում՝ ի՞նչ կարծիքի եք ԱՄՆ-ի հայկական համայնքի ու Հայրենիքի հարաբերությունների մասին։

ՀՀ կառավարությունը նվազագույնի է հասցրել Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի և մշակույթի նախարարության կարևորությունը:

Տեսեք, Սփյուռքի հանձնակատարը անկարող մեկն է, ում հանդեպ հենց Սփյուռքը շատ վատ է տրամադրված:

Հնարավո՞ր է, որ Սփյուռքը որպես մեկ միավոր հանդես գա Հայաստանի կառավարության հետ իր հարաբերություններում:

2018 թվականին տեսանք, թե սփյուռքն ինչպես էր աջակցում՝ այսպես կոչված «հեղափոխությանը», այսինքն Սփյուռքի հետ կապը կտրված էր դեռևս նախկին իշխանության օրոք: Հույսով եմ հաջորդ իշխանությունը կամրապնդի Հայրենիք-Սփյուռք կապը:

Ցեղասպանության ճանաչման հարցի կրողը Սփյու՞ռքն է, թե՞ Հայաստանի կառավարությունը։

Առաջին հերթին ՀՀ կառավարությունը, Սփյուռքը պետական կառույց չէ, բայց միևնույն ժամանակ պետք չէ թերագնահատել Սփյուռքի ներուժը: Սփյուռքի հետ ճիշտ աշխատելու դեպքում՝ նա կարող է հզոր լծակ դառնալ:

Ո՞րն է Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի առաքելությունը, ըստ Ձեզ։

Այդ կառույցը ոչ մի լուրջ նպատակի չի ծառայում, անիմաստ կառույց է։

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ, հատկապես Հայաստան-Ռուսասատանի Դաշնություն և Արևմուտք հարաբերություններում ի՞նչ դերակատարություն կարող է ունենալ Սփյուռքը:

Հայաստանի հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակցի հետ թողնենք գալիք իշխանություններին, քանի որ ներկայիս կառավարությունը ամեն ինչ արեց հարաբերությունները փչացնելու համար:

Իսկ Սփյուռքը կարծում եմ դերակատարություն կարող է ունենալ երկու ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերությունների պահպանման հարցում, ինչպես նաև կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցությունը խթանելու հարցում:

Ըստ Ձեզ, ինչո՞ւ է Սփյուռքը այսքան «անտարբեր» է դարձել Հայաստանի նկատմամբ:

Իրականում սփյուռքը անտարբեր չէ, ավելի շուտ հիասթափված է և չի վստահում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին:

Ձեր կարծիքով՝ ի՞նչ գործոններ են խոչընդոտում երկրի զարգացմանը և ինչպիսի՞ն կարող է լինել Սփյուռքի դերը այդ խոչընդոտների վերացման հարցում:

Երկրի զարգացման ամենամեծ խոչընդոտներից մեկը անգրագետ կառավարությունն է՝ նրանց հեռանալուց հետո միայն կարելի է մշակել զարգացման հայեցակարգ: Սփյուռքը դերակատարություն կարող է ունենալ զարգացման խոչընդոտները վերացնելու մեջ, եթե գալիք իշխանությունը Սփյուռքին տա որոշակի երաշխավորված կարգավիճակ, որով կսահմանվեն նրա իրավունքները և պարտականությունները Հայրենիքի հանդեպ:

  • Կիսվել: