կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն ներկայացրել է Հայաստանին ուղղված առաջարկների 5 կետերը

Ադրբեջանի ԱԳՆ-ն ներկայացրել է Հայաստանին ուղղված առաջարկների 5 կետերը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է Հայաստանին ուղարկված հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած փաստաթուղթը։

Ինչպես հայտարարել Է գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաեւան,  ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը Անթալիայում կայացած դիվանագիտական համաժողովում ունեցած ելույթի ընթացքում պատմել է հետկոնֆլիկտային փուլում խաղաղաշինության ուղղությամբ Ադրբեջանի ջանքերի մասին․

"Որպես հերթական քայլ՝ մի քանի օր առաջ Ադրբեջանը միջնորդների միջոցով ՀՀ-ին առաջարկ է ներկայացրել երկու պետությունների միջև հարաբերությունների հաստատման հիմնարար սկզբունքների վերաբերյալ։ Դրանում արտացոլված են երկկողմ հարաբերությունների կարգավորման հետեւյալ հինգ հիմնարար սկզբունքները՝

▪️ Ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պետական ​​սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում։

▪️ Պետությունների՝ միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում։

▪️ Զերծ մնալ միջպետական ​​հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ ու ուժ կիրառելուց և ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամապատասխան քայլերից։

▪️ Հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծում և սահմանազատում, դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատում։

▪️ Տրանսպորտային հաղորդակցությունների բացում, այլ համապատասխան հաղորդակցությունների հաստատում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցություն, - նշել է Աբդուլաևան՝ ներկայացնելով առաջարկի 5 կետերը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: