ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սխալ էր ՀԱՊԿ–ից քաղաքական գնահատական պահանջելը. Ռուստամյանը` ՀՀ որոշման մասին

Սխալ էր ՀԱՊԿ–ից քաղաքական գնահատական պահանջելը. Ռուստամյանը` ՀՀ որոշման մասին

Ադրբեջանական զորքերը երբ Հայաստանի տարածք ներխուժեցին, ՀԱՊԿ–ը պատրաստ էր համապատասխան քայլեր ձեռնարկել և սպասում էր Հայաստանի արձագանքին։ Հայաստանը քաղաքական գնահատական պահանջեց Ադրբեջանի գործողություններին ` դա դարձնելով նախապայման ՀԱՊԿ–ի համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
 
«Նման նախապայման առաջադրելը շատ սխալ որոշում էր։ Պարզ է, որ ՀԱՊԿ–ում կան երկրներ, որոնք կարող են դրան դեմ լինել։ Այդ կառույցը կոնսենսուսային եղանակով է գործում, մի՞թե դա նորություն էր Հայաստանի համար։ Այն երկրները, որ դեմ են, թույլ չեն տալիս, որ այդ քաղաքական գնահատականը հնչի»,–ասաց Ռուստամյանը։
 
Անդրադառնալով այն դիտարկմանը, թե Ռուսաստանը և ՀԱՊԿ–ը չեն կատարում իրենց պայմանագրային պարտավորությունները Հայաստանի հանդեպ, Ռուստամյանը նշեց, որ նրանք չեն կարող լինել ավելի հայ, քան մենք։
 
«Միջնորդի դերում հանդես եկեղ ՀԱՊԿ–ը կամ Ռուսաստանը չեն կարող ոչինչ անել, եթե Հայաստանն իր իրավունքները չի պաշտպանում կամ հրաժարվում է Արցախից»,–ասաց նա։
Ռուստամյանն ընդգծեց, որ Հայաստանը, չունենալով անվտանգության նոր համակարգ, փորձում է քանդել այն, ինչ գոյություն ունի։
 
«Չկա հստակ քաղաքական գիծ, որով Հայաստանը փորձի իր անվտանգությունն ապահովել և շահերը պաշտպանել արտաքին հարաբերություններում։ Ինչ իմաստ ունի այդ ներքին խոհանոցը դուրս հանել, եթե Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ–ից։ Մենք փչացնում ենք մեր հարաբերություններն այդ կառույցում։ Մենք դառնում ենք անվստահելի գործընկեր և դրանից բխում են բոլոր սպառնալիքներն ու վտանգները, որոնք օր օրի մեր երկրի նկատմամբ առաջանում են»,–ասաց պատգամավորը։
 
Նրա խոսքով` նման քննարկումները կարող են կատարվել միայն փորձագիտական շրջանակում, բայց ոչ երկրի դիվանագիտության մեջ պատասխանատու անձանց կողմից։

  • Կիսվել: