Սիսիանում ներիշխանական գզվռտոց է սկսվել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սիսիանում ներիշխանական գզվռտոց է սկսվել։ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանը, ով իր ազգական Արմեն Հակոբջանյանին մեկ տարի առաջ մի կերպ համայնքապետ դարձրեց, այժմ ուզում է ազատվել նրանից։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ազգականների միջով սև կատու է անցել այն բանից հետո, երբ Հակոբջանյանը փորձել է չենթարկվել Կարեն Համբարձումյանին՝ ասելով, որ ինքն այսուհետ միայնակ է որոշումներ կայացնելու։ Համբարձումյանը չի մարսել, որ իր շնորհիվ պաշտոն ստացածը կարող է իրեն ատամ ցույց տալ, և գործի է անցել։ Ավագանու սեպտեմբերի 13-ի նիստը ՔՊ-ականները միասնաբար բոյկոտել են, նիստին մասնակցել է միայն Արմեն Հակոբջանյանը։ ՔՊ-ական ավագանին որոշել է կաթվածահար անել համայնքի ղեկավարի աշխատանքը, և եթե նա ինքնակամ չհանձնվի, օրենքի ուժով հասնել նոր ընտրությունների։ Համբարձումյանն այդ պաշտոնում այժմ տեսնում է համայնքապետի տեղակալ Կարեն Հովհաննիսյանին։
Ավագանու ՔՊ-ական անդամ Նախշուն Յազլունյանին հարցրինք՝ ինչո՞ւ չեն մասնակցել նիստին, ասաց, որ չի ուզում այդ մասին խոսել. «Հարցեր կան, հետո կիմանաք»։ Ճի՞շտ է, որ դժգոհ եք համայնքապետից և ուզում եք, որ հեռանա։ «Ո՞վ է ձեզ նման բան ասել»։ Դժգոհ չե՞ք։ «Հարցեր կան, բայց դա ի՞նչ կապ ունի... բոլոր հարցերն էլ կարելի է ինչ-որ ձևով լուծել»։ Ուզում եք Հակոբջանյանը հեռանա, ուրի՞շը փոխարինի նրան։ «Ես առայժմ այդ հարցերին չեմ պատասխանի»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։