Նիկոլ Փաշինյանը տարօրինակ է որակել ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ Արմեն Գրիգորյանի դիրքորոշումները
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարօրինակ է համարում Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի դիրքորոշումն այն մասին, որ Հայաստանը չպետք է Եվրոպական միությանն անդամակցելու ուղղությամբ քայլեր իրականացնի:
Այս մասին վարչապետը նշեց լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, որ Հայաստանը պետք է լավ հարաբերություններ ունենա Եվրամիության հետ, սակայն անդամակցությունից զերծ մնա:
«Եթե պարոն Գրիգորյանն այդպիսի սկզբունքային դիրքորոշում ուներ, երբ օրենքն ընդունվել է, պարոն Գրիգորյանը պետք է հրաժարական տար և իր անհամաձայնությունն արտահայտեր: Ես եմ որոշում կայացրել, որ պարոն Գրիգորյանն այլևս Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում չպետք է աշխատի, և, իհարկե, ես իրեն ուրիշ աշխատանք առաջարկել եմ, ինքը հրաժարվել է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հավելեց՝ Արմեն Գրիգորյանը հրաժարական չի ներկայացրել Ազգային ժողովի կողմից Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ օրենքի ընդունման ժամանակ և խորհրդարանական ընտրություններից հետո:
«Այդ դիրքորոշումները տարօրինակ են»,- եզրափակեց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանը 2025 թվականին օրենք է ընդունել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին։



