երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Շատ խիստ հրահանգել եմ, որ որևէ մեկին առավել ևս զուգարաններում հանկարծ անզգույշ չքաշքշեն․ Փաշինյանը՝ Մինասյանին

Շատ խիստ հրահանգել եմ, որ որևէ մեկին առավել ևս զուգարաններում հանկարծ անզգույշ չքաշքշեն․ Փաշինյանը՝ Մինասյանին

Ընդդիմադիր պատգանավորները ԱԺ նիստում քննադատում են Պետական պահպանության ծառայության այսօրվա գործողությունները խորհրդարանի նիստերի դահլիճում։

Ինչպես արդեն հայտնել էինք՝ Ազգային ժողովի նիստի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին՝ հեռացնելու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին, ով ըստ Սիմոնյանի սադրող հայտարարություններ էր անում իր ելույթի ժամանակ և թույլ չէր տալիս նիստը շարունակվեր բնականոն ընթացքով։

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասաց․

«Ես հետևել եմ Պետական պահպանության ծառայության գործողություններին ԱԺ դահլիճում։ Եվ ուզում եմ քաջալերել նրանց շարունակել պահպանել Ազգային ժողովի բնականոն գործունեությունը՝ ԱԺ նախագահի հրահանգներին համապատասխան։ Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել Պետական պահպանության ծառայությանը՝ օրենքով սահմանված պարտականությունները հստակ կատարելու համար։ Ես ուզում եմ տեղյակ լինեք, որ նրանց շատ խիստ հրահանգել եմ, որ որևէ մեկին առավել ևս զուգարաններում հանկարծ անզգույշ չքաշքշեն։

Եվ պահանջելու եմ, որպեսզի նրանք այդ գործառույթը․․․ այսինքն՝ նրանք ուղղակի չեն կարող իմ այդ հրամանի վրայից անցնել։ Եթե դուք խոսում եք հանցագործությունների մասին, եթե հիշողությունս չի դավաճանում, հիմա դատական գործընթաց է գնում ձեր կուսակից Պողոս Պողոսյանին անզգույշ քաշքշելու հետևանքով սպանելու գործով։ Եվ ինչքան հիշում եմ, դուք առնվազն տասնքանի տարի այդ հանցագործության մասին չեք էլ բարձրաձայնել, որ ձեր կուսակից ընկերոջը ծեծելով սպանել են Պապլավոկի զուգարանում»,- ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին ի պատասխան ասաց Փաշինյանը։

  • Կիսվել: