Սև լճից ադրբեջանցիներին հեռացնելուց մինչև «միջանցքի» բացում. Արմեն Գրիգորյանը պատասխանել է rusarm.info-ի հարցերին
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պատասխանել է rusarm.info-ի այն հարցին, թե ՛՛ինչու Հայաստանը չի պահանջում Սև լճից ադրբեջանցի զինվորականների հեռանալը՛՛:
Նա ասել է, որ ՀՀ-ն պահանջում է, ամեն տեղ բարձրացնում է այդ հարցը, փորձում է այն լուծել դիվանագիտորեն:
Ըստ Գրիգորյանի՝ Հայաստանի քաղաքական որոշ շրջանակներ ապատեղեկատվություն են տարածում, թե իբր ադրբեջանցիները սկսել են կառույցներ ստեղծել Սև լճի տարածքում կամ էլ տարածքից առաջ են անցել։
՛՛Այդ խնդիրը կարգավորելու համար սահմանազատման և սահմանագծման գործընթաց է պետք, որը դեռ չի սկսվել՛՛,-նշել է նա:
Նա անդրադարձել է նաև միջանցք բացելու հարցին՝ ասելով, որ Հայաստանը չի քննարկում Ադրբեջանի համար միջանցք բացելու հարցը։
Գրիգորյանը, մասնավորապես, ասել է. ՛՛Չենք քննարկում ու չենք քննարկելու միջանցք։ Ադրբեջանի հայտարարությունները միջանցքի մասին փոխվարչապետների հանդիպման աշխատանքներից դուրս են։ ՛՛Միջանցք՛՛ տերմինը օգտագործում են միայն Ադրբեջանում, Ռուսաստանի մեր գործընկերները նույնպես չեն կիրառում այդ տերմինը՛՛։
ԱԽ քարտուղարի խոսքով՝ Հայաստանն առաջ է շարժվում կառավարության հայտարարած ՛՛խաղաղության դարաշրջանի՛՛ համատեքստում՝ ամեն կերպ աշխատելով ապաշրջափակման ուղղությամբ։
Ըստ Գրիգորյանի՝ ապաշրջափակում՝ չի նշանակում մեկ ճանապարհի բացում, որքան ճանապարհներ բացվելու են Ադրբեջանի համար, այնքան էլ Հայաստանի համար։
՛՛Տավուշից և Սյունիքից մենք կարողանալու ենք մտնել Ադրբեջանի տարածք և կապվել Ռուսաստանի և Հարավային Ասիայի հետ՛՛,-նշել է նա:
Անվտանգության խորհրդի քարտուղարը նաև ասել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը Մոսկվայում արդյունավետ էր։
Նշենք, որ աա եռակողմ աշխատանքային խմբի 8-րդ նիստի առաջին մասն էր, որի ընթացքում դիտարկվել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարները, քննարկվել է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի նախագահի և Ադրբեջանի նախագահի հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող աշխատանքի հետագա ընթացքը։
Փոխվարչապետերը պայմանավորվել են նիստի երկրորդ մասի անցկացման վերաբերյալ: