երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ՍԴ դատավորի թեկնածուն թաքցնում է իր ֆինանսական միջոցները և ծառայել է նախորդ ռեժիմին․ Արման Բաբաջանյան

ՍԴ դատավորի թեկնածուն թաքցնում է իր ֆինանսական միջոցները և ծառայել է նախորդ ռեժիմին․ Արման Բաբաջանյան

Էդգար Շաթիրյանը իր կենսագրության մեջ ունի այնպիսի դրվագներ, որոնք անընդունելի են դրաձնում նրա ընտրությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Ըստ Բաբաջանյանի, Շաթիրյանը աշխատել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում, որը ուսումնասիրել է դատավորների համապատասխանությունն իրենց պաշտոններին։

«Այսինքն՝ Էթիկայի հանձնաժողովն այն կառույցն էր նախկինում, որը պետք է վեր հաներ խայտառակ վիճակում գտնվող դատական համակարգի արատները ու դրանց պատճառ դարձած դատավորներին, իսկ Էդգար Շաթիրյանն էլ պետք է որևէ կերպ վերաբերմունք ու դիրքորոշում հայտներ այն դատավորների վերաբերյալ, որոնց հանցավոր գործունեության պատճառով մեր դատական համակարգը այսօր գտնվում է ողբերգական վիճակում։ Իր գործունեության ընթացքում Շաթիրյանը որևէ կերպ որևէ դիրքորոշում չի հայտնել որևէ պաշտոնյայի, որևէ դատավորի վերաբերյալ։ Այսիքնն՝ ինքը իրեն դրսևորել է կոմֆորմիստ, հարմարվող պաշտոնյա, ինչն էլ ըստ էության, հանդիսացել է նախկին իշխանությունների օրոք այդ հանձնաժողովում նրա նշանակման երաշխիքը։ Այսինքն՝ Էդգար Շաթիրյանը նախորդ ռեժիմին ծառայել է ոչ թե իր գործողություններով, այլ պասիվ անգործությամբ ու չեզոքություն ցուցաբերելով կարևոր հարցերում։ Կամազուրկ չեզոքություն է ցուցաբերել», - հայտարարեց Բաբաջանյանը։

Անկախ պատգամավորը նաև անդրադարձավ Էդգար Շաթիրյանի ֆինանսական հնարավորություններին՝ ընդգծելով, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժղովը նյութական մեծ միջոցներ է տվել Շաթիրյանին։

«Տարբեր բաց աղբյուրների համաձայն, Էդգար Շաթիրյանը և նրա հետ փախկապակցված 13 անձիք ունեն բազմաթիվ գույքային սեփականություններ, որոնց մի մասը Երևանի Կենտրոն համայնքի Ամիրյան փողոցում։ Այդ սեփականությունների առկայության պարագայում Էդգար Շաթիրյանը ապրում է միայնակ իրեն չպատկանող բնակարանում։ Նա հայտարարագրել է իր, բայց ոչ իր հետ փոխկապակցված անձանց դրամական միջոցները, ինչը պահանջում է օրենքով։ Այս պատկերը ցույց է տալիս իրական միջոցները թաքցնելու վտանգավոր գործելաոճը», -հայտարարեց Բաբաջանյանը՝ տարակուսանք հայտնելով նման վարքագծի կապակցությամբ։

Նշենք, որ այսօր Ազգային ժողովը ՍԴ երեք դատավորների թափուր տեղի համար առաջադրված երեք թեկնածուների ընտրության հարցն էր քննարկում։ Իրենց թեկնածուներին առաջադրել են Կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը: Դատավորների ընդհանուր ժողովի թեկնածուն է Երվանդ Խունդկարյանը, ՀՀ նախագահինը՝ Արթուր Վաղարշյանը, Կառավարությանը՝ Էդգար Շաթիրյանը:

  • Կիսվել: