հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Սառույցը հալվո՞ւմ է. ՔՊ-ն ընդառաջ է գնում ընդդիմությանը․ «Հրապարակ»

Սառույցը հալվո՞ւմ է. ՔՊ-ն ընդառաջ է գնում ընդդիմությանը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի երեկվա նիստը, որի օրակարգում ընդդիմության նախագիծն էր, հետաձգվել է։ Ընդդիմությունը նախաձեռնել է դեկտեմբերի 2-ին խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրել եւ արձագանքել Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլի մեջլիսի, այս տարվա նոյեմբերի 8-ի հայտարարությանը, որով կոչ էին արել համաձայնել իրենց առաջ քաշած 5 սկզբունքներին։

Թե ինչու է հանձնաժողովի նիստը հետաձգվել, իշխանականներն ընդդիմադիրներին հայտնել են, որ որոշակի առաջարկներ ունեն, որոնք ցանկանում են մինչեւ հանձնաժողովի նիստը քննարկել, եւ հնարավոր է` փոփոխություններ մտցնեն ընդդիմության ներկայացրած հայտարարության նախագծի տեքստում։

Հանձնաժողովի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին՝ արտահերթ նիստի օրը։

Իշխանության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ՔՊ-ում հակված են ընդունել համատեղ հայտարարություն եւ հանձնաժողովի նիստը հետաձգել են, որպեսզի այս ընթացքում որոշ խմբագրումներ անեն ընդդիմության առաջարկած հայտարարության տեքստում։ Արձանագրենք, որ սա, կարելի է ասել, առաջին դեպքն է, երբ ՔՊ-ական մեծամասնությունն ընդդիմությանն ընդառաջ քայլ է անելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: