Սանոսյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ զրույցում վերահաստատել է ՀՀ-ի ցանկությունը միանալու Սև ծովի հատակով անցնող մալուխի ծրագրին
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի գլխավորած պատվիրակությանը։
Նախարար Սանոսյանը ողջունել է ԱԳ նախարարին և կարևորել երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության խորացումը։
Պետեր Սիյարտոն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել՝ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերահաստատելուց հետո արդեն իսկ տարբեր ուղղություններով մեծ աշխատանք է տարվել նկատելի աշխատանք է կատարվել տնտեսական համագործակցության ուղղությամբ, հաստատվել են Բուդապեշտ-Երևան-Բուդապեշտ ուղիղ չվերթեր, երկու երկրների միջև առևտրի ծավալները զգալի աճել են։
Հունգարիայի ԱԳ նախարարը ցանկություն է հայտնել ընդլայնել համագործակցությունը էներգետիկ ոլորտում։
Նախարար Սանոսյանը վերահաստատել է Հայաստանի ցանկությունը միանալու Սև ծովի հատակով անցնող մալուխի ծրագրին, դառնալու ծրագրի մաս կազմող անդամ երկրներից մեկը։ Նախարար Սանոսյանը նաև ընդգծել է` վերջին տարիներին Հայաստանում մեծ թափով զարգանում է վերականգնվող էներգետիկ ռեսուրսներից էլեկտրաէներգիայի արտադրությունը։
Սանոսյանը շնորհակալություն է հայտնել ԱԳ նախարարին հատկապես ԼՂ բռնի տեղահանվածների հարցում Հայաստանին հումանիտար օժանդակություն ցուցաբերելու համար։
ՏԿԵ նախարարը կարևորել է նաև միջտարածաշրջանային ապակենտրոնացված համագործակցության զարգացումը Հայաստանի և Հունգարիայի վարչատարածքային միավորների միջև։
Քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման, ինչպես նաև էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր։
Երկուստեք ընդգծվել է տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու հարցում համատեղ ջանքերի մեկտեղումը։