չորեքշաբթի, հոկտեմբեր 28
28 / 10 / 2026
Սահմանային դիրքային վեճեր կլինեն, բայց լայնամասշտաբ պատերազմը բացառում եմ. Արամ Սարգսյան

Սահմանային դիրքային վեճեր կլինեն, բայց լայնամասշտաբ պատերազմը բացառում եմ. Արամ Սարգսյան

Պետք է ամեն ինչին արդեն մեր ժողովուրդը սովորած լիներ, 30 տարի է, որ ՀՀ անկախությունից հետո, ես չեմ հիշում գարնանային որևէ շրջան, որ սահմանային միջադեպեր չեն եղել, առավելևս՝  պատերազմից հետո, երբ երկու կողմերն էլ նոր դիրքերի են տեղավորվում: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց  «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:

«Այս ամենը պետք է ընկալել գոյություն ունեցող իրերի իրավիճակում, դրանից տագնապ չստեղծել, լրացուցիչ հույզեր չունենալ, չվախենալ, ամեն մեկս պետք է անենք մեր աշխատանքը»,- ասաց նա:

Ըստ Արամ Սարգսյանի՝ առաջիկայում լայնամասշտաբ պատերազմի հնարավորություն չկա:  «Ես կարծում եմ, որ սահմանային դիրքային վեճեր կլինեն, բայց լայնամասշտաբ պատերազմը բացառում եմ թե ուկրաինական գործընթացների հետ կապված, թե ընդհանրապես»,- ասաց նա:

Նա նկատեց, որ Ադրբեջանը ինքն էլ միջանցքային տրամաբանություն չի քննարկում, և Ադրբեջանի կողմից արված վերջին հինգ առաջարկներում էլ միջանցք բառն ընդհանրապես չկա: «Այսինքն՝ այն բայղուշությունը, որ անում էին տարբեր կողմերից՝ միջանցքների մասին, Տիգրանաշենը  հանձնելու կամ Տավուշի հինգ գյուղերը հանձնելու, դա սովորական բայղուշություն է:  Այդ մարդիկ միշտ ասում են, հետո չեն պատժվում, արդյունքում 40 հազար երեխայի մայր իրենց այդ ասածից հետո գիշերները հանգիստ չեն քնում, սրտի խնդիր են ունենում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հայտարարված խաղաղության դարաշրջանում նման սահմանային իրավիճակին, Արամ Սարգսյանը նկատեց՝ «Դարը դա հարյուր տարին է»:

  • Կիսվել: