երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Սահմանապահ զորքերի տեղակայումը որոշ չափով ավարտվել է, անցնելու ենք հաջորդ փուլին՝ սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ․ Ավինյան

Սահմանապահ զորքերի տեղակայումը որոշ չափով ավարտվել է, անցնելու ենք հաջորդ փուլին՝ սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ․ Ավինյան

Սահմանապահ զորքերը կամ հայկական/ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները Սյունիքում տեղակայվում են 1975-76թթ. ռազմական քարտեզների հիման վրա։ Սահմանապահ զորքերի տեղակայումը, կարելի է ասել, որոշ չափով ավարտվել է: Մենք անցնելու ենք հաջորդ փուլում արդեն բովանդակային բանակցությունների՝ սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի հարցին, թե քաղաքացիների անվտանգության հետ կապված ի՞նչ երաշխիքներ կարող են տալ՝ Սյունիքից մինչև Տավուշ։

«Այնտեղ ներկա են նաև ռուս սահմանապահ զորքերը, և մինչ օրս այդ ճանապարհահատվածով անցնող ավտոմեքենաների և առհասարակ տրանսպորտի հետ կապված որևէ միջադեպ չենք ունեցել:

Կառավարությունը շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ նախնական քննարկումներ է իրականացրել, և մեր դիրքորոշումները հստակեցվել են: Կարծում եմ՝ վերջանական լուծումներ ունենալու պարագայում, որը բավականին երկարատև պրոցես է լինելու, անվտանգային միջավայրը ևս մեկ անգամ կվերագնահատվի»,- ասաց փոխվարչապետը:

Նա ընդգծեց, որ այս փուլում ուզում է վստահեցնել, որ Սյունիքում և առհասարաակ հայ-ադրբեջանական սահմանագծի հետ կապված մենք որևէ խնդիր չունենք, որևէ միջադեպ չենք ունեցել և հուսով է՝ ապագայում չենք ունենա:

  • Կիսվել: