շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Սահմանագծումը, սահմանազատումը ու շփման գիծը սահմանով փոխարինելը բխում է միայն Հայաստանի ու առաջին հերթին՝ տավուշցիների շահերից. Ալեքսանյան

Սահմանագծումը, սահմանազատումը ու շփման գիծը սահմանով փոխարինելը բխում է միայն Հայաստանի ու առաջին հերթին՝ տավուշցիների շահերից. Ալեքսանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Ֆեյսբուքի իր էջում խոսել է վերջին օրերին տեղի ունեցող քաղաքական գործընթացների և այդ ամենի համատեքստում՝ Հայաստանի ներսում գործող 5-րդ շարասյան գործողությունների մասին:

«Ինչպես գիտեք, Հայաստանն ու Ադրբեջանը եկել են համաձայնության, որ սահմանագծումն ու սահմանազատումը պետք է տեղի ունենա 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա: Սա  համարում ենք շատ դրական երևույթ այն համատեքստում, որ բազմիցս հայտարարել ենք՝ Հայաստանն ունի 29 743 կմ տարածք: Սա բացարձակ ճշմարտություն է, ու տեսականորեն այս կոնտեքստում պետք է շատ զարմանալի թվար, թե ինչու ինչ-որ մեկը պետք է ցույց անի, բայց մեր 5-րդ շարասյունը փորձում  է անել և փորձում է դրդել տավուշցիներին անել: Ի՞նչ են այս մարդիկ ասում: Մի պարզ բան՝ որ ՀՀ-ն ոչ թե 29 743 կմ է, այլ չունի սուվերեն տարածք: Ես սա պնդում եմ ամենայն պատասխանատվությամբ»,- ասել է  Ալեքսանյանը:

Պատգամավորի խոսքով՝ մի քանի շաբաթ է, ինչ այս հարցը բարձրաձայն հնչեցրել է, դիմել ընդդիմադիր խմբակցություններին՝ առաջարկելով նշել, թե որքան է նրանց պատկերացրած Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը:

«Քար լռություն է: Չկա ոչ մի պատասխան: Չեն անում, որովհետև այս մարդկանց նպատակը մեկն է, որ ՀՀ-ն չունենա սուվերեն տարածք: Իսկ դա կարող է հանգեցնել նրան, որ ՀՀ-ն չլինի, որովհետև առանց սուվերեն տարածքի պետություն գոյություն ունենալ չի կարող: Դա անվիճելի ճշմարտություն է»,- նշել է Ալեքսանյանը՝ հիշեցնելով ասուլիսներից մեկի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի խոսքերը, որ այդքան էլ դեմ չէ Հայաստանը ՌԴ-Բելառուս Միութենական պետության մեջ մտցնելուն: 

Ըստ պատգամավորի՝ ընդդիմությունն ամեն ինչ անում է, որ Հայաստանը մտցնի Ռուսաստան-Բելառուս Միութենական պետության կազմ և նրա ցանկացած գործություն միտված է դրան:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումն ու սահմանագծումը բխում է Հայաստանի պետական շահերից: Սահմանագծումը ենթադրում է շփման գծի փոխարինում պետական սահմանով»,- ընդգծել է Վահագն Ալեքսանյանը:

Նրա խոսքով՝ հիմա Տավուշ են գնացել տարատեսակ միլիարդատերերի կուսակիցներն ու աջակիցները ու իրենց ասում են՝ կգա՞ք ապրեք Տավուշում:

«Ես Տավուշում շատ եմ ապրել, բայց ձեր քաղաքական վերնախավին այնտեղ չեմ հիշում: Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի մեծ ու փոքր անդամներին չեմ հիշում: Դաշնակցությունն այսօր հիշել է, որ Տավուշի մարզ կա, որովհետև մոռացել էր 2018-ից հետո:

Տավուշը Դաշնակցության համար եղել է գրպանները լցնելու թիվ 1, 2, 3 հորիզոնականներում, որովհետև Տավուշում է ՀՀ անտառների մեծ մասը, և «Հայանտառն» էլ մշտապես եղել է Դաշնակցության տնօրինության տակ: Այս պարագայում, երբ Դաշնակցությունը Տավուշը  հիշել է միայն այն ժամանակ, երբ պետք է եղել ապօրինի հատել կենսական նշանակության անտառները, հիմա թևավորվել, գնացել է Տավուշ՝ սահմանագծում թույլ չտալու համար: 

Իրականությունը հետևյալն է՝ սահմանագծումը, սահմանազատումը ու շփման գիծը պետական սահմանով փոխարինելը բխում է միայն Հայաստանի ու առաջին հերթին՝ տավուշցիների շահերից: Տավուշի գյուղերը 30 տարի շարունակ գտնվել են գնդակոծման տակ: Դա պետք է վերանա ու վերացնելու միակ ձևը սահմանազատումն ու սահմանագծումն է»,- հայտնել է նա: 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Կիսվել: