երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սաղաթելյանը վստահ է՝ իշխանությունը քաղաքական վեկտորը փոխում է ոչ թե դեպի Արևմուտք, այլ՝ դեպի Թուրքիա

Սաղաթելյանը վստահ է՝ իշխանությունը քաղաքական վեկտորը փոխում է ոչ թե դեպի Արևմուտք, այլ՝ դեպի Թուրքիա

Մարտահրավերների դեմ պայքարելն այսօր գոյաբանական խնդիր է, այս խնդիրների մասին մենք երեք տարի խոսել ենք ու պայքարել։ Այս մասին Արտաշատի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Դիմելով արտաշատցիներին՝ նա, մասնավորապես, ասաց. ՛՛Ցավոք, մեր ուզած արդյունքին չենք հասել. կամ պիտի համակերպվենք, կամ հասկանանք՝ որտեղ ենք թերացել, ինչպես խոսենք մեր հայրենակիցների հետ, բացատրենք այս վտանգը, պայքարենք, ստեղծված իրավիճակից դուրս գանք՛՛:

Սաղաթելյանի խոսքով՝ Փաշինյանը իրականում տալիս է Տավուշի գյուղերը ու ասում՝ դրանք Տավուշի հետ կապ չունեն:

՛՛Ալիևը մի քանի օր առաջ հայտարարեց՝ հրատապ պահանջում է Տավուշի չորս գյուղերը։ Փաշինյանը ասուլիսում ասաց՝ Տավուշից ոչ մի գյուղ չեմ տալիս, բայց իրականում տալիս է ու ասում՝ դրանք Տավուշի հետ կապ չունեն։ Ալիևի հետ պայմանավորվել են՝ սահմանագծման աշխատանքներն իրականացնում են հատվածաբար։ Դա մեր հատվածն է, որտեղ ունենք դիրքային առավելություն, կահավորված դիրքեր, եթե թշնամին առաջ գա, դրա գինը թանկ է լինելու։ Սահմանագծումը սկսել են Տավուշից, որ թշնամուն բերեն մեր զինվորի թիկունք՛՛,-ընդգծեց Սաղաթելյանը:

Խոսելով Հայաստանի իշխանությունների՝ արտաքին քաղաքական վեկտորը փոխելու մասին՝ նա ասաց. ՛՛Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական վեկտորը դեպի Արևմուտք չէ, դեպի Թուրքիա է։ Մենք գտնում ենք, որ պետք չէ տարածաշրջան նոր խաղաղացողներ մտցնել ու երկիրը տանել նոր արկածախնդրության՛՛:

  • Կիսվել: