Ռուստամյանը և իր կուսակցությունն ուզում են տապալել այս ողջ գործընթացը, չեն էլ թաքցնում. Ալեն Սիմոնյան
Արմեն Ռուստամյանը և իր կուսակցությունը ուզում են ամբողջությամբ տապալել այս գործընթացը, ինչը չեն էլ թաքցնում, նույնիսկ շրջաբերական են պտտեցնում դրա վերաբերյալ։ Այս մասին, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի առաջարկին՝ ԱԺ օրակարգում պահել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը, սակայն չվավերացնել, ու տեսնել ինչ է անում Ադրբեջանը:
«Ես իմ կողմից ամեն ինչ պետք է անեմ իմ օրակարգը առաջ տանելու և որոշակի միջազգայնորեն ընդունված սկզբունքներ ֆիքսելու համար։ Ես չեմ կարող տեղավորվել ադրբեջանական, ռուսական, թուրքական կամ որևէ այլ երկրի տրամաբանության մեջ։ Հայաստանը պետք է ունենա իր տրամաբանությունը, իր օրակարգը, սովորե՛ք, որ Հայաստանն ունի իր տրամաբանությունը, պրոցեսները եւ այդ ուղղությամբ առաջ է շարժվելու: Անկախ նրանից, որ դիմացինը դա ուզում է, թե չի ուզում, մենք փորձելու ենք ելքեր գտնել ու գնալ առաջ»,- ընդգծեց ԱԺ նախագահը: