Ռուսաստանի պատճառով պատմական հնարավորությունը կորցնելու վտանգի առաջ ենք. խնդրում ենք կոնցեսիայի իրավունքը վաճառել 3-րդ երկրի. Փաշինյան
ԹՐԻՓՓ նախագիծը վերջ է դնելու Հայաստանի շրջափակմանը, ԱԺ-ում այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի շրջափակումն, ի դեպ, մասամբ հաղթահարված է»,- ասաց նա։
Ըստ Փաշինյանի՝ Հայաստանը երկաթուղային կապ է ստանալու Իրանի հետ։
«Ինչ վերաբերում է բուն ԹՐԻՓՓ-ի երկաթուղային ենթակառուցվածքներին՝ ակնհայտ է, որ այն անցնելու է Նռնաձոր-Ագարակ երթուղով, Հայաստանի հարավային սահմանի երկայնքով, Արաքսի ափով, խորհրդային ժամանակներում գոյություն ունեցած ու բոլորիս հայտնի երկաթուղու ծրագրով։
«Այդ երկաթուղին Ադրբեջանի տարածքով Հայաստանը կապելու է Ռուսաստանի ու Կենտրոնական Ասիայի հետ, դրանով ահռելի բեռնափոխադրումներ են իրականացվելու հատկապես Արևելքից Արևմուտք»,- նշեց Փաշինյանը։
Նա ասաց, թե քանի որ Հայաստանի երկաթուղին ռուսական կառավարման ներքո է, հիմա մենք կանգնած ենք Հայաստանը միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրելու պատմական հնարավորությունը կորցնելու վտանգի առաջ։
«Մենք չենք կարող մեզ թույլ տալ կորցնել այդ պատմական հնարավորությունը: ՌԴ գործընկերներին խնդրում ենք ճկունություն ցուցաբերել ու կոնցեսիայի իրավունքը վաճառել Հայաստանի ու Ռուսաստանի համար ընդունելի 3-րդ երկրի»,- հայտարարեց Փաշինյանը։



