Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները բաց և անկեղծ են. Նիկոլ Փաշինյան
Հայաստանը շարունակում է կարևորել և զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակված տեսանյութում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությանը։
«Մենք էականորեն զարգացնում ենք և կարևորում ենք Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները, և նաև ես բազմիցս եմ ասել, որ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ գտնվում են տրանսֆորմացիայի փուլում»,- նշել է նա։
Վարչապետի խոսքով՝ այդ գործընթացը դրական է գնահատում։
«Տրանսֆորմացիայի փուլը ես համարում եմ պոզիտիվ, որովհետև, այո, այս նոր իրադրության պայմաններում Ռուսաստանի հետ մենք հաստատում ենք նոր հարաբերություններ, և ես համոզված եմ, որ մենք այդ գործում կհաջողենք»,- ասել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ դրա կարևոր նախադրյալներից մեկը հարաբերությունների բաց և անկեղծ բնույթն է։
«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները բաց են, անկեղծ են, մենք ոչ մի մութ անկյուն չենք պահել այդ հարաբերություններում»,- հայտարարել է վարչապետը։



