շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Մարտի 1-ը Ռոբերտ Քոչարյանի կողմից կազմակերպած իրադարձություն է․ Փաշինյան

Մարտի 1-ը Ռոբերտ Քոչարյանի կողմից կազմակերպած իրադարձություն է․ Փաշինյան

2008 թվականի մարտին 1-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ առկա են բոլոր փաստերը, և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք հիմա ունենք ՄԻԵԴ-ի որոշում, որտեղ հստակ արձանագրվում է, որ այն, ինչ տեղի է ունեցել 2008 թվականի մարտի 1-ին, տեղի է ունեցել պետության կազմակերպմամբ, և սա պետք է արձագանք ստանա»,- ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ հասարակության շրջանում կան սպասումներ, որ գործով պետք է լինի պատասխանատվություն։

«Մարդիկ ինձնից են պատասխան պահանջում, և մարդկանց մոտ տպավորություն է, թե ես, կուլիսային պայմանավորվածությունների մեջ ներգրավված, ինդուլգենցիաներ եմ բաժանում Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին։ Ես ասում եմ, որ արդարադատությունը պետք է հասնի»,- նշել է Փաշինյանը։

Վարչապետն ընդգծել է, որ այն դեպքերում, որտեղ անձամբ առնչություն ունի, փորձում է առավել զգուշավոր լինել։

«Այնտեղ, որտեղ առավել ևս ես անձնական որևէ առնչություն ունեմ, ես կրկնակի, եռակի և քառակի անգամ եմ փորձում ակտիվություն չցուցաբերել, բայց, այնուամենայնիվ, քաղաքական պատասխանատվությունը մնում է ինձ վրա, և հիմա կա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, և պետք է այդ որոշումը հասցեագրվի»,- ասել է նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Մարտի 1-ի գործը բացահայտված է։

«Պետք է մեղավորները պատժվեն։ Մարտի 1-ը բացահայտված է, որովհետև քրեական գործում բոլոր նյութերը կան, բոլոր փաստերը կան, և պարզ է, որ Մարտի 1-ը Ռոբերտ Քոչարյանի կողմից կազմակերպված իրադարձություն է։ Եվ նա պետք է պատասխան տա, միանշանակ»,- հայտարարել է վարչապետը։ 

 

  • Կիսվել: