Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանը ամսի 1-ը որ մոտենա, պետք է հեռախոսը բացեն, տեսնեն՝ թոշակը նստել է, թե չէ․ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանը պետք է ապրեն իրենց թոշակով ու օրինական եկամուտներով, իսկ այն, ինչ ապօրինի ձեռք են բերել, ամբողջությամբ պետք է վերադարձվի Հայաստանի Հանրապետությանն ու նրա ժողովրդին։
Փաշինյանն այդ մասին ասել է օգոստոեսի 27-ին ՀՀ կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քարեական հետապնդմանը։
«Քաղաքական խնդիրը հետևյալն է՝ Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանը , երբ ամսի 1-ը մոտենա, պետք է հեռախոսը բացեն, տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ, որովհետև նրանք պետք է ապրեն իրենց թոշակով և օրինական եկամուտներով, իսկ այն, ինչ ապօրինի ձեռք են բերել, հատիկ առ հատիկ, կոպեկ առ կոպեկ, լումա առ լումա պետք է վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին, այլ տարբերակ չկա։ Եթե սա տեղի չունենա, դա նշանակում է, որ նոր հեղափոխություն պետք է տեղի ունենա։»,- հայտարարել է ՀՀ վարչապետը
Նա մանրամասնել է, որ Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Երևանի Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ հանրահավաքի ժամանակ 40 հազար մարդու ներկայությամբ այդ քաղաքական խնդիրը ինքը դրել է ժողովրդի և պետության առաջ, իսկ ժողովուրդը իր հերթին դա դրել է բոլորի ՝ Կառավարության, դատաիրավական համակարգի, պետական և տեղական ինքնակառավարման բոլոր մարմինների առաջ։


