շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռոբերտ Քոչարյանն է ԼՂ-ն ճանաչել Ադրբեջանի մաս՝ Լեռնային Ղարաբաղը դուրս թողնելով բանակցային գործընթացից․ Փաշինյան

Ռոբերտ Քոչարյանն է ԼՂ-ն ճանաչել Ադրբեջանի մաս՝ Լեռնային Ղարաբաղը դուրս թողնելով բանակցային գործընթացից․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ բանակցային պրոցեսին ու շեշտեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է ժամանակին Լեռնային Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս:

«Մարդիկ կան, ովքեր մեզ մեղադրում են Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար: Ուզում եմ էլի հստակ արձանագրեմ՝ արդյոք Հայաստանի որևէ իշխանություն Ղարաբաղը ճանաչե՞լ է Ադրբեջանի կազմում, և ո՞ր իշխանությունն է ճանաչել Ղարաբաղն Ադրբեջանի կազմում:

Այո՛, Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, և դա իրականացվել է Վարդան Օսկանյանի հեղինակությամբ, որովհետև այն պահին, երբ Հայաստանն ընդունել է Մադրիդյան սկզբունքները որպես բանակցությունների հիմք, այդ պահից սկսած ճանաչել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում:

Ավելին ասեմ, Վարդան Օսկանյանն է եղել, որ հրապարակային Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է օկուպանտ, և Հայաստանի Հանրապետությունը Վարդան Օսկանյանի և իր ղեկավարի այս երկու գործողությունները չի կարողացել հաղթահարել մինչև այսօր: Մենք պետք է խոստովանենք, որ այդ հայտարարությունները մենք, հնարավոր է` երբեք չկարողանանք հաղթահարել: Մենք հիմա փորձում ենք հաղթահարել այդ հայտարարության հետևանքները, որովհետև այն ժամանակ ոչ միայն Ռոբերտ Քոչարյանն ու Վարդան Օսկանյանն են ճանաչել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս, այլև Հայաստանի Հանրապետությունն է ճանաչել Ղարաբաղն Ադրբեջանի մաս: Թող լացակումած կամ խրոխտ ելույթներ չունենան: Եվ դա տեղի է ունեցել 2007 թվականին: Դա եղել է իշխանության փոխանցման կոմբինացիայի մասը:

Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանն էլ են Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս:

Ռոբերտ Քոչարյանն է Լեռնային Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս՝ Լեռնային Ղարաբաղը դուրս թողնելով 1998 թվականին բանակցային գործընթացից և 1999 թվականի նոյեմբերին վավերացնելով ԵԱՀԿ Անվտանգության ստամբուլյան խարտիան»,- ասաց նա:

  • Կիսվել: