ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՔՊ-ն մերժում է ընդդիմության առաջարկը՝ ընդունել հայտարարություն Ադրբեջանի ԱԺ-ի դեմ

ՔՊ-ն մերժում է ընդդիմության առաջարկը՝ ընդունել հայտարարություն Ադրբեջանի ԱԺ-ի դեմ

Բազմաթիվ կետերի շուրջ հնարավորություն կար և ստացվեց փոխհամաձայնության գալ, բայց, ցավոք, կային մի քանի կետեր, որոնք երկու կողմերի համար սկզբունքային էին, և, ըստ այդմ, արձանագրեցինք, որ հնարավորություն չկա ԱԺ հայտարարության տեսքով հանդես գալ երկու խմբակցությունների անունից: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

Հիշեցնենք «Հայաստան» խմբակցությունը նախագիծ էր ներկայացրել «ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունը՝ Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ» թեմայով։ 

«Մենք հնարավորություն ունեցանք բովանդակալից քննարկում ունենալ «Հայաստան» խմբակցության մեր գործընկերների հետ։ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայաստան» խմբակցությունների միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ աշխատանքային կարգով քննարկել առաջարկվող նախագիծը՝ հաշվի առնելով, որ նախագիծը պետք է լիներ ԱԺ անունից, տրամաբանական էր, որ պետք է համաձայնեցված տարբերակի հասնեինք»,-նշեց Աղաջանյանը։

«Ինչ վերաբերում է ՔՊ դիրքորոշմանը՝ այս հարցում քվեարկության վերաբերյալ, հանձնաժողովի մեր անդամներին կոչ եմ անում ձեռնպահ քվեարկել այս նախագծի հաստատմանը»,-ընդգծեց նա:

Նշենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ այսօր՝ դեկտեմբերի 2-ին, արտահերթ նիստ է հրավիրվել, որի օրակարգում մեկ հարց է՝ Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ:

Հիմնական զեկույցով հանդես կգա Անդրանիկ Թևանյանը, ով կներկայացնի Ազգային ժողովի հայտարարության նախագիծը։

  • Կիսվել: