Քոչարյանը չէր չափազանցնում, երբ ասում էր, որ տարածքային ամբողջականության խնդիր ՀՀ-ն նույնպես ունի․ Վարչապետ
Սերժ Սարգսյանն ամենեւին էլ չէր չափազանցնում, երբ ասում էր, թե Հայաստանը պատրաստ էր թողնել 7 շրջանները, բայց ամեն անգամ Ադրբեջանը առաջ էր քաշում նորանոր պահանջներ, և, որ Ադրբեջանի ակնկալիքները անիրատեսական են եւ անընդունելի մեզ համար: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ մի հարց է ժամանակին հանրության, ժողովրդի հետ զիջումների մասին խոսելը, երկրորդ հարց է զիջումների անհրաժեշտության մեջ ժողովրդին համոզելը եւ երրորդ հարցն այդ ամենը կյանքի կոչելն է:
Փաշինյանի խոսքով՝ որպեզի ժամանակին այդ մասին ժողովրդի հետ խոսեր, նախ ինքն իրեն պետք է համոզեր, որ դա ճիշտ ճանապարհ է:
«Ինքս ինձ չկարողացա համոզել նաեւ այն պատճառով, որ հասկացա, որ Ռոբերտ Քոչարյանը ամենեւին էլ չէր չափազանցնում, երբ հայտարարում էր, որ տարածքային ամբողջականության խնդիր Հայաստանը նույնպես ունի: Ինքս ինձ չկարողացա համոզել, որովհետեւ դժվար էր համոզվել, որ 30 տարվա զրկանքների արդյունքում կարելի է պարզապես հանձնել հաղթանակի պտուղները ու դիմացը չստանալ ոչինչ: Սա ընդունելը նշանակում էր խոստովանել, որ հռչակելով պետություն՝ մենք ստեղծել ենք ֆասադ եւ լիովին ու գլխովին ձախողել ենք պետության ինստիտուցիոնալ կայացման գործը»,-ասաց վարչապետը:
Նրա ձևակերպմամբ՝ նույնիսկ երկար տարիների ընդդիմադիր լինելով՝ ինքը չկարողացավ սա խոստովանել ինքն իրեն ու առավել եւս չէր կարող նման որոշում ու դատավճիռ հրապարակել մարդկանց աչքերի մեջ նայելով: