շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Քոչարյանն իրատեսական է համարում Արցախ վերադառնալու իրավունքի մասին խոսելը

Քոչարյանն իրատեսական է համարում Արցախ վերադառնալու իրավունքի մասին խոսելը

Այսօր իրատեսական է խոսել Արցախ վերադառնալու իրավունքի մասին։ Դա իրական է։ Ես տեսնում եմ, որ մենք կարող ենք դրան հասնել: Այս մասին այսօր Մասիսի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ այժմ աշխարհն այնքան տուրբուլենտ է, որ եթե հիմա դրան չհասնենք, անվտանգ վերադարձի հնարավորությունը կարող է բաց թողնվել։

«Բայց աշխարհն այնպես է կառուցված, որ պատուհաններ են բացվում։ Եթե Խորհրդային Միությունը չփլուզվեր, Արցախի հարցն այն ժամանակ հավանաբար չէր լուծվի։ Բացվեց ինչ-որ պատմական պատուհան, և այդ պատմական պատուհանի ընթացքում մենք ավելի պատրաստված էինք, ավելի համարձակ, ավելի համոզված մեր իրավացիության մեջ։ Եվ այդ ժամանակ մենք հաջողության հասանք։ Հիմա այս իշխանությունը փակել է այդ պատուհանը, և հիմա այն մեխում է, որպեսզի հանկարծ երբևէ այդ պատուհանը բացելու հնարավորություն չունենանք։

Մենք ասում ենք հետևյալը. այդ պատուհանը պետք է բաց մնա... Ոչ ոք չէր մտածում, չէ՞, որ այն, ինչ կատարվում է Պարսից ծոցում, կարող է պատահել։ Ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի Հարավային Կովկասում տասը տարի հետո, եթե այս ամենը շարունակվի նույն ոգով։ Այն, ինչ մենք տեսնում ենք, պարզապես խնդրահարույց է կանխատեսելիության տեսանկյունից։ Հենց այդ պատճառով մենք պետք է ձեռնարկենք այդ քայլը, և մենք ի վիճակի ենք դա անել։ Վերադարձի իրավունքի ճանաչում՝ միջազգային մակարդակով»,-հավելել է ՀՀ երկրորդ նախագահը:

  • Կիսվել: