ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ռուսամետները մեր պետության ինքնիշխանության, անկախության ոտքերից կախված՝ մեզ ձգում են դեպի Ռուսաստան-Բելառուս միություն. Արամ Սարգսյան (տեսանյութ)

Ռուսամետները մեր պետության ինքնիշխանության, անկախության ոտքերից կախված՝ մեզ ձգում են դեպի Ռուսաստան-Բելառուս միություն. Արամ Սարգսյան (տեսանյութ)

Եթե 2020 թվականի պատերազմից հետո դուրս գայինք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, հավատացնում եմ ձեզ, նույնիսկ հնարավոր էր, որ Ջերմուկում տեղի ունեցած դեպքերը ոչ թե Միացյալ Նահանգների դիվանագիտական շրջանակները կանգնեցնեին, այլ Հայաստանի Հանրապետության զինվորը կանգնեցներ, մի բան էլ առաջ գնար: Այս մասին այսօր Արարատի մարզ կատարած այցի ժամանակ ասել է «Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանը։

Նա խոսել է նաև այսօրվա զորահանդեսի մասին և ասել, որ  ամեն ինչ փառահեղ էր կազմակերպված, որովհետև Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, խաղաղության հիմնական պաշտպանը Հայաստանի Հանրապետության բանակն է։

«Ես վստահեցնում եմ ձեզ, որ եթե մենք ՀԱՊԿ-ից դուրս եկած լինեինք 2020 թվականին, 2022 թվականին այս զենքերի մի ահռելի քանակ մենք արդեն գնած կլինեինք: Ես ձեզ վստահեցնում եմ, որ հիմա էլ ՀԱՊԿ-ից դուրս գալուց, եթե ՀԱՊԿ-ից դուրս գանք, մեզ շատ ավելի շատ երկրներ ու շատ ավելի առաջադեմ զենք ու շատ ավելի մեծ քանակով կառաջարկեն: Հիմա խնդիրն ինչո՞ւմն է: Ամբողջ խնդիրը նրանում է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները վարում են հավասարակշռման քաղաքականություն, որ մեր կախվածությունը, այն, ինչ ունենք Ռուսաստանից, այդ կախվածությունը ստիպում է իրենց լինել ավելի զգուշավոր, ինչը շատ ընկալելի է, շատ հասկանալի է: Պետության ու պետականության պատասխանատվությունը գերկարևոր բան է:

Բայց. սիրելի՛ ժողովուրդ, մեր երկրում, Ազգային ժողովում ներկայացված չէ քաղաքական կուսակցություն, ով ամեն օր կասի, որ գիտեք ինչ, պետք է այդ ՀԱՊԿ-ից դուրս գալ, պետք է միասնական հակաօդային պաշտպանությունից դուրս գալ, պետք է նոր տեխնոլոգիական զենք ու սպառազինություն գնել Եվրոպայից, ՆԱՏՕ-ից, պետք է Հայաստանի Հանրապետության բանակը հարմարեցնել ՆԱՏՕ-ի չափանիշներին: Տեսեք՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում այսօր հավասարակշռողներն են՝ ի դեմս իշխանության, որ փորձում են բոլորի հետ լավ լինել, և ռուսամետները: Եվ ամբողջ կռիվը այդ հավասարակշռողների ու ռուսամետ դաշտում է, որովհետև այդ ռուսամետները այս մեր պետության ինքնիշխանության, անկախության ոտքերից կախված՝ մեզ ձգում են տանեն դեպի Ռուսաստան-Բելառուս միություն»,-ասել է Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: