շաբաթ, սեպտեմբեր 26
26 / 9 / 2026
Քոչարյանին ծառայած մաֆիայի հաշվապահը հիմա էլ ծառայում է Հայաստանը թունավորող կիսաթրքական «Լիդիանին». Խզմալյան

Քոչարյանին ծառայած մաֆիայի հաշվապահը հիմա էլ ծառայում է Հայաստանը թունավորող կիսաթրքական «Լիդիանին». Խզմալյան

ՔՈՉԱՐՅԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ «ԼԻԴԻԱՆ»: Նման վերտառությամբ գրառում է արել ռեժիսոր Տիգրան Խզմալյանն իր ֆեյսբուքյան էջում՝ հրապարակելով լոսւանկար և նշելով, որ այնտեղ երևում է՝ ինչպես են զրուցում Ալեն Սիմոնյանն ու Վահան Հովհաննիսյանը:

Խզմալյանը, մասնավորապես, գրել է. ՛՛Տեսա այս լուսանկարը, որտեղ «հեղափոխական փոխխոսնակ» Ալեն Սիմոնյանը զրուցում է մի քաղաքացու հետ, ով հիշատակվում է որպես «Լիդիանի» ներկայացուցիչ՝ եւ հիշողությունս ամեն ինչ դասավորեց իր տեղը։ Աջից Վահան Հովհաննիսյանն է, արվեստաբան ու բարոյախոս Հենրիկ Հովհաննիսյանի որդին։

Վահանը ինձ հայտնի էր որպես 90-ականների վերջում հայկական հանրային հեռուստատետությունը՝ այն ժամանակ Հ1-ը զավթած քոչարյանական ավազակախմբի հաշվապահ եւ գանձապահ։ Խմբակը գլխավորում էր Տիգրան Նաղդալյանը, նրա մտերիմներն էին Հարություն Հարությունյանը, Մարատ Օրդյանը եւ այս պարոնը։ Նրանք անգնահատելի ծառայություններ էին մատուցում Քոչարյանին, դարձնելով «Հայլուրը» նրա անձի պաշտամունքի ամբիոն, փոխարենը ստացան անսպառ ու անվերահսկելի եկամուտի աղբյուր՝ եթերային գովազդի մենաշնորհի տեսքով։

Կարծեմ նրանց բիզնես-կառույցը կոչվում էդ «Կայմ», որին էլ, այսինքն իրենք իրենց նրանք «պատվիրում» էին Հ1-ի բյուջետային միջոցների հաշվին ստեղծվող ամբողջ հեռուստաարտադրանքը, այսպիսով գրպանելով հսկայական պետական գումարներ։ Ես այդ տարիներին գլխավորում էի հեռուստաֆիլմերի «Երեւան» կինոստուդիան, որի տարեկան բյուջեն ավելի փոքր էր, քան Հ1-ի տնօրեն Նաղդալյանի ծառայողական BMW-ի արժեքը, սակայն դեռեւս երիտասարդ գիշատիչներին հետաքրքրում էին մեր ստուդիայի տարածքները, ձայնագրման սրահներն ու կինոպավիլյոններրը, որտեղ նրանք նախատեսում էին ծավալել այն տարիներին եկամտաբեր «հեռուստալոտոների» տաղավարները։

Մի քանի տարի ընթանում էր կատաղի պայքար «Երեւան» կինոստուդիան փակելու նպատակով՝ ֆինանսական ստուգումները, մատնագրերը, հոսանքի անջատումները հետեւում էին անդադար։ Վահան Հովհաննիսյանը խաղում էր կարեւոր դեր այդ հարձակումներում։

Մենք պատասխանում էինք ֆիլմերով, որոնք ստանում էին միջազգային փառատոնների գլխավոր մրցանակները եւ մի քանի ամսով թուլացնում էին գրոհները մեր դեմ, մինչեւ որ 2004 թ. սույն ավազակախումբը, արդեն սպանված Տիգրան Նաղդալյանին փոխարինած քոչարյանական աշխատակազմի ղեկավար Ալիկ Հարությունյանի գլխավորությամբ համոզեց Ռոբիկին ընդհանրապես լուծարել «Երեւան» կինոստուդիան։ Արտավազդ Փելեշյանի, Ներսես Հովհաննիսյանի, Ժիրայր Ավետիսյանի, Հովիկ Հախվերդյանի, Կարեն Մեսյանի, Մարատ Վարժապետյանի գլուխգործոցները նկարահանած փառավոր ստուդիան փակվեց։

Փորձեցին ինձ վերագրել ինչ-որ «խարդախություններ», բայց ոչինչ չգտնելով, պարզապես արգելեցին իմ ֆիլմերի ցուցադրումն ու իմ անվան հիշատակումը հեռուստատեսությամբ։ Ես չէի հիշի այդ ամենը, եթե աչքիս չընկներ այս լուսանկարը։ Ուրեմն, մարդասպան Քոչարյանին ծառայած մաֆիայի հաշվապահը հիմա էլ ծառայում է Հայաստանը թունավորող կիսաթրքական «Լիդիանին»։ Դե ինչ՝ զարմանալի չէ։ Ոչ էլ պատահական է՝ հակառակը՝ խորապես օրինաչափ է ու խորհրդանշական։ Ոչինչ եւ ոչ ոք չի մոռացվում։

  • Կիսվել: