հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մեր պայքարը գոյութաբանական է, մենք չենք կարող նոր ցեղասպանության ենթարկվել. Պապոյանը՝ Կանադայի դեսպանին

Մեր պայքարը գոյութաբանական է, մենք չենք կարող նոր ցեղասպանության ենթարկվել. Պապոյանը՝ Կանադայի դեսպանին

Խորհրդարանական երեք խմբակցությունների ներկայացուցիչները նոյեմբերի 24-ին Ազգային ժողովում ընդունել են Հայաստանում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիսոն Մարի Լը Քլերին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:
 
«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ, Հայաստան-Կանադա բարեկամական խմբի անդամ Արթուր Խաչատրյանը կարեւորել է երկկողմ հարաբերությունների զարգացումը՝ նշելով, որ այս տարի լրանում է Հայաստանի եւ Կանադայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Պատգամավորը հյուրին ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի մանրամասներն ու դրա հետեւանքները: Նա մտահոգություն է հայտնել 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային արժեքների պահպանման առնչությամբ եւ ընդգծել, որ այդ երկիրը թույլ չի տալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ին մուտք գործել այդ տարածքներ:
 
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Կանադա բարեկամական խմբի անդամ Գեւորգ Պապոյանը եւս ընդգծել է միջխորհրդարանական կապերի զարգացման կարեւորությունը, բարեկամական խմբերի ակտիվ փոխգործակցությունը: Նա բարձր է գնահատել այն փաստը, որ 44-օրյա պատերազմի առաջին օրերից Կանադան ակտիվորեն փորձում էր ջանքեր գործադրել կրակի դադարեցման համար: Այս համատեքստում Գեւորգ Պապոյանը կարեւորել է Կանադայի կառավարության որոշումը՝ դադարեցնելու կանադական սպառազինությունների մատակարարումը Թուրքիա, իրավիճակը մանրամասն ուսումնասիրելու եւ պարզելու՝ արդյո՞ք դրանք օգտագործվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում:
 
Գեւորգ Պապոյանը Թուրքիայի եւ Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները բնութագրել է որպես ավտորիտարիզմի հարձակում Հայաստանի ժողովրդավարության դեմ: «Մեր պայքարը գոյութաբանական է, մենք չենք կարող նոր ցեղասպանության ենթարկվել»,- ասել է նա:
 
Հայ-կանադական հարաբերությունների զարգացման հեռանկարներին է անդրադարձել նաեւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Կանադա բարեկամական խմբի անդամ Միքայել Թումասյանը:
 
Հայաստանում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու հայ-կանադական խորհրդարանական հարաբերությունների առավել խորացմանը, փոխայցերի ակտիվացմանը: Նա ընդգծել է, որ ե՛ւ 44-օրյա պատերազմի, ե՛ւ սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքներն իրենց ուշադրության կենտրոնում են:
 
Անդրադարձ է եղել նաեւ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձմանը, Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժմանը: Երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում ընդգծվել է Կանադայի հայ համայնքի գործուն դերակատարությունը:

  • Կիսվել: