չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Քանի դեռ ռազմական գործողությունները մեզ համար բարենպաստ հունով են գնում, ճանաչումը այս պահին կարող է սպասել․ Անդրանիկ Քոչարյան

Քանի դեռ ռազմական գործողությունները մեզ համար բարենպաստ հունով են գնում, ճանաչումը այս պահին կարող է սպասել․ Անդրանիկ Քոչարյան

Առավոտյան արցախյան կողմը հաջողություններ է գրանցել Ասկերան Մարտունի հատման հատվածում: Հակառակորդը տվել է մարդկային եւ տեխնիկական կորուստներ: Մենք հաջողություններ ենք գրանցել հարավային հատվածում՝ Ջաբրայիլի ուղղությամբ: Լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, գրում է armtimes.am-ը։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ լուրեր են շրջանառվում Ռուսաստանի՝ Հայաստան զենք ուղարկելու վերաբերյալ, Քոչարյանը նշեց՝ Ռուսաստանը զենք չի ուղարկում Հայաստան, Հայաստանը իր սպառազինությունը ձեռք է բերում տարբեր երկրներից, նաև՝ Ռուսաստանի Դաշնությունից, ներքին գներով: «Երբ նկատում ենք Թուրքիայի մասնակցությունը, ինչ-որ ուժեր ուզում են դա բալանսավորել Ռուսաստանի մասնակցությամբ: Այսօր ռազմական գործողությունների ամբողջ ծանրությունը իրականացնում է Արցախի պաշտպանության բանակը՝ Հայաստանից ներգրավված կամավորներով: Դա տարածող մունդռիկներին ասեք՝ թող սսկվեն»:

Անդրանիկ Քոչարյանը նաև նշեց՝ ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտություն չի տեսնում: «Նամակներ եմ ուղղել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի անդամ ղեկավարին, անդամ պետություններին, ասոցացված անդամ պետություններին: Ստանդարտ նամակներ են, որ տեղեկացված լինեն իրողություններին»:

Պատգամավորը նաև խոսեց Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ՝ նշելով, որ քանի դեռ ռազմական գործողությունները մեզ համար բարենպաստ հունով են գնում, ճանաչումը այս պահին կարող է սպասել:

«Դա կախված է, թե զարգացումները ինչպիսի ընթացք կունենան ռազմի դաշտում: Օրակարգում այդ հարցը կա»:

Քոչարյանը կարևորեց նաև Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրության և մոբիլիզացիայի հայտարարումը՝ ընդգծելով, որ եթե նման քայլ կատարված լիներ Ապրիլյան պատերազմի ժամանակ, այլ պատկեր կլիներ: «Մենք ունեցանք շատ արագ ձևավորված ռեզերվ, ընդ որում՝ կամավոր, որը գտնվում է Պաշտպանության բանակի տնօրինման և հրամանատարության տակ: Դա ամենակարևորն է, որ մեր զինված ուժերը մարդկային ուժի խզում չունեցավ: Եթե պատերազմը ունենալու է շարունակական բնույթ, այն պետք է սնուցվի, և սնուցողը պետք է լինի հասարակությունը»:

Քոչարյանը նաև նշեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ամբողջ աշխարհի առաջ ստել է՝ ասելով, թե արցախյան կողմն է հարձակվել: «Մենք հարձակվելու որևէ նպատակ չունենք, դիրքերը բարելավելու որևէ խնդիր չունենք, մեր խնդիր անվտանգության գոտին պահպանելով՝ պահպանել մեր ազգաբնակչության անվտանգությունը, և այստեղ որևէ խախտման մասին խոսք չի եղել: Այդ սուտը պարտադրված սուտ էր, որպեսզի արդարացներ այն անիմաստ գործողությունները, որի արդյունքում զոհվեցին շատ ադրբեջանցիներ, և մեր զինվորները՝ նույնպես: Գալու է մի պահ, երբ Ադրբեջանի մայրերը պետք է նույն Ալիևին ասեն՝ հանուն ինչի՞, ի՞նչ խնդիր ես լուծում»:

Անդրադառնալով Ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցին՝ Անդրանիկ Քոչարյանը նշեց՝ զեկույցը պատրաստ է, բայց այն այս պահին չպետք է խանգարի բանակի գործողություններին: «Բանակը պետք է իր վստահ կեցվածքը պահի»:

  • Կիսվել: